
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու սպասավորներից մեկը գրառում էր արել և դիմել վարչապետին` նշելով, որ եկեղեցուն քննադատելու և պահանջներ ներկայացնելու իրավունք ունեն հստակ կանոնների համապատասխանող հավատացյալները:
Այստեղ պետք է նշեմ, որ Կառավարությունը, օրինակ, հաշվետու է բոլոր քաղաքացիների առջև՝ անկախ նրանից՝ նրանք կատարում են ՀՀ օրենքների պահանջները, թե ոչ։ Կառավարությանը քննադատելու և օրենքների կատարման պահանջ կարող են ներկայացնել բոլորը անխտիր, նույնիսկ ծանր հանցագործությունների համար կալանավորված անձինք։ Քննադատության բովանդակությունը երբեք չի կարող նսեմացվել` պայմանավորված քննադատողի անձով:
Նույն տրամաբանությամբ` Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին, որպես հատուկ կարգավիճակ ունեցող կառույց, որը շատերիս կարծիքով անմիջական կապ ունի նաև հայ ժողովրդի ինքնության հետ, հաշվետու է յուրաքանչյուրի առջև` անկախ այն բանից՝ մարդը պահպանում է եկեղեցական բոլոր կանոնները, թե ոչ։
Եթե Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին լիներ պարզապես փոքրամասնությունների շահերը պաշտպանող հասարակական կազմակերպություն, ապա կանոնադրության խախտումները գուցե այսպիսի հնչեղություն չստանային։ Սակայն այն իրողությունը, որ եկեղեցին ներկայացվում է որպես ողջ ժողովրդի հոգևոր կառույց, ենթադրում է հաշվետվողականություն բոլորի առջև, նույնիսկ նրանց, ովքեր աթեիստ են։
Մեր հասարակության մեջ նյութապաշտության և հոգևոր արժեքների ետընթացի պատճառները գուցե նաև պայմանավորված են նրանով, որ այդ արժեքները պահպանողները և քարոզողները երբեմն տեսանելի ձևով հավատարիմ չեն այդ արժեքներին: