Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հուլիսի 22-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը, Չեռնոգորիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում, հանդիպում է ունեցել Չեռնոգորիայի եվրոպական գործերի նախարար Մայդա Գորչևիչի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Չեռնոգորիայի՝ Եվրոպական միությանը անդամակցության գործընթացին առնչվող հարցեր, մասնավորապես՝ անդամակցության շուրջ բանակցությունների, ԵՄ օրենսդրության ներդաշնակեցման, ԵՄ ոլորտային չափանիշների համապատասխանեցման, այդ ճանապարհին առկա դժվարությունների և դրանց հաղթահարման ընթացակարգերի վերաբերյալ:



ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը կարևորել է չեռնոգորական փորձի ուսումնասիրությունը՝ հաշվի առնելով դեռևս 2012 թվականից մեկնարկած անդամակցության շուրջ բանակցություններում Չեռնոգորիայի կողմից արձանագրված առաջընթացը՝ միաժամանակ նկատելով, որ նման ճանաչողական այցերն ու գործընկեր պետությունների լավագույն փորձի ուսումնասիրությունն առանցքային են Հայաստանի համար ԵՄ-ի հետ հարաբերությունների առավել մերձեցման համատեքստում: Նախարարի տեղակալը նաև ներկայացրել է Հայաստան-ԵՄ գործընկերության շրջանակներում վերջին ժամանակահատվածում գրանցված էական առաջընթացը:

Հանդիպման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակելու արդյունավետ համագործակցությունը եվրաինտեգրման համատեքստում ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ:

174