
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել «Համով կաթ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրությունում (Լոռու մարզ, ք. Ալավերդի) և պարզել, որ այն աշխատում է սանիտարահիգիենիկ պայմանների կոպիտ խախտումներով։ Այս մասին տեղեկացնում է ՍԱՏՄ-ն:
Արձանագրվել է, որ՝
- արտադրական շինությունում պահվում են սննդամթերքի արտադրության ընթացքում չօգտագործվող պարագաներ.
- հատակի մակերևույթներն անհարթ են, սալիկները կոտրված, ինչը հնարավորություն չի տալիս այն հեշտորեն լվանալ, մաքրել և ախտահանել.
- պանրի աղաջրային սենյակի պատերի մակերևույթները պատրաստված չեն անջրանցիկ, ախտահանվող և լվացվող նյութերից.
- արտադրամասի առաստաղն ապահով չէ, չի կանխարգելում կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը, առաստաղից մասնիկների թափվելու հնարավորությունը.
- բացվող ներքին պատուհանները չունեն հեշտությամբ հանվող և մաքրվող միջատապաշտպան ցանցեր.
- արտադրամասի կառուցվածքը և դասավորվածությունը չի ապահովում կենդանիների, այդ թվում կրծողների և միջատների արտադրական շինություններ ներթափանցումից պաշտպանությունը:
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, hանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ խախտումներն ու անհամապատասխանությունները վերացնելու համար, սահմանվել է ժամկետ: