Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Կառավարությունը խաղային գործունեության կարգավորման օպերատոր է սահմանել Random Systems International Limited ընկերության կողմից Հայաստանում հիմնադրված «Խաղերի վերահսկողության և մշտադիտարկման համակարգ» ՍՊԸ-ին։

ՊԵԿ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Էդվարդ Հակոբյանի խոսքով՝ ընկերությունն ընտրվել է բաց միջազգային մրցույթի արդյունքում, որին մասնակցել էին երեք արտասահմանյան կազմակերպություններ։ Ընկերությունն արդեն իրականացնում է նման գործունեություն նաև Վրաստանում։ Նոր օպերատորը պարտավոր է կառավարության որոշումն ուժի մեջ մտնելուց հետո վեց ամսվա ընթացքում ամբողջությամբ ներդնել խաղային ոլորտի էլեկտրոնային վերահսկողության համակարգը։

Դրա արդյունքում 2027 թվականի հունվարի 1-ից Հայաստանում կգործի խաղային գործունեության միասնական թվային հարթակ։

Համակարգը հնարավորություն կտա՝  իրական ժամանակում վերահսկել խաղատների և առցանց խաղերի գործունեությունը,

 արդյունավետ կիրառել խաղերին մասնակցության սահմանափակումները՝ խոցելի խմբերի, պետական և համայնքային ծառայողների, ինչպես նաև օրենքով սահմանված այլ անձանց նկատմամբ,

 ապահովել պատասխանատու և արդար խաղի կանոնների պահպանումը,

 նվազեցնել ստվերային գործունեությունը և բարձրացնել ոլորտի թափանցիկությունը,

 կատարելագործել հարկային վերահսկողությունը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այսուհետ խաղային ոլորտի բոլոր հիմնական գործառնությունները կանցնեն նոր թվային հարթակի միջոցով, ինչը պետությանը հնարավորություն կտա լիարժեք վերահսկել ոլորտը, կիրառել գործող սահմանափակումները և անհրաժեշտության դեպքում ներդնել նոր կարգավորումներ։

Նրա խոսքով՝ համակարգը նաև կօգնի խաղամոլությունից տուժած քաղաքացիներին։ Նախատեսվում է մեխանիզմ, որով անձը կամ որոշ դեպքերում նրա ընտանիքի անդամը կարող է դիմել, որպեսզի տվյալ անձի համար սահմանափակվի խաղադրույքներ կատարելու հնարավորությունը։

175