
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վաչե Մարգարյանը մերժել է Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի պաշտպանների միջնորդությունը՝ բանավոր ընթացակարգով բողոքը քննելու վերաբերյալ:
Այս մասին հաղորդագրություն է տարածել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի պաշտպանների թիմը։
Դատավորը որոշել է հուլիսի 24-ի փոխարեն դատական ակտը հրապարակել հուլիսի 30-ին։
Դատավորը ժամկետի փոփոխումը պատճառաբանել է լրացուցիչ ուսումնասիրություն իրականացնելու, դատարանի ծանրաբեռնվածության և պաշտպաններին իր դեմ բացարկ հայտնելու հնարավորություն ընձեռելու անհրաժեշտությամբ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով նախաքննությունն ավարտվել է։
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով՝ զանգվածային լրատվամիջոցներով և տեղեկատվական տեխնոլոգիաներով տարածված այն կոչերի համար, որոնք, ըստ իրավապահների, ուղղված են եղել իշխանության յուրացմանն ու սահմանադրական կարգի տապալմանը։ Հունիսի 28-ին Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը 2 ամսով կալանավորվել է։