Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը՝ որպես «Երեխայի իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի դրույթների կիրառության մշտադիտարկում իրականացնող պաշտոնատար անձ, շարունակում է երեխայի իրավունքների պաշտպանությանն ու խթանմանն ուղղված տարբեր ձևաչափերով աշխատանքների իրականացումը, այդ թվում՝ այցեր իրականացնելով երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններ, հանրակրթական ուսումնական և ոչ պետական այլ հաստատություններ, ինչպես նաև մշտադիտարկելով երեխաներին վերաբերելի տարբեր գործընթացներ:

Պաշտպանն ընդգծում է, որ Հայաստանի իրավական համակարգում առկա են երեխայի լավագույն շահի գնահատմանն առնչվող բազմաթիվ խնդիրներ: Այս հանգամանքին անդրադարձել են նաև ոլորտային միջազգային կազմակերպությունները:

ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների կոմիտեն, վկայակոչելով երեխայի լավագույն շահի վերաբերյալ Կոնվենցիայի իրավական պարտավորությունների 2013 թվականի թիվ 14 մեկնաբանությունը, Հայաստանի պարբերական զեկույցների վերաբերյալ 2024 թվականի իր եզրափակիչ դիտարկումներում երեխայի լավագույն շահի ապահովման համատեքստում անդրադարձել է ինչպես խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների անդամների պատշաճ մասնագիտական որակավորման և պարտադիր վերապատրաստման հետ կապված հարցերին, այնպես էլ առաջարկել է մշակել այնպիսի ընթացակարգեր և չափանիշներ, որոնք կծառայեն որպես ուղեցույց երեխաների հետ աշխատող և երեխաների շահերը ներկայացնող բոլոր մասնագետների համար` հնարավորություն տալով գնահատել երեխայի լավագույն շահը յուրաքանչյուր ոլորտում` յուրաքանչյուր առանձին դեպքով: Կոմիտեն մեկնաբանության շրջանակներում ընդգծել է, որ երեխայի լավագույն շահի հայեցակարգը ճկուն է, ինչը ենթադրում է, որ լավագույն շահը գնահատվում է յուրաքանչյուր անհատական դեպքով՝ ելնելով տվյալ երեխայի կամ երեխաների կոնկրետ վիճակից, հաշվի առնելով պայմաններն ու կարիքները։

Երեխայի լավագույն շահի հայեցակարգի ճկունությունը հնարավորություն է տալիս արձագանքող լինել յուրաքանչյուր երեխայի իրավիճակին:

Միևնույն ժամանակ, Կոմիտեն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ որոշ իրավիճակներում երեխայի լավագույն շահի գաղափարը կարող է չարաշահվել, օրինակ, պետական մարմինների կողմից, որոշակի ոլորտներում քաղաքականությունը արդարացնելու համար (օրինակ` ռասիստական քաղաքականության պարագայում), ծնողների կողմից՝ խնամակալությանն առնչվող վեճերում իրենց սեփական շահերը պաշտպանելու նպատակով, ինչպես նաև երեխաների հետ աշխատող մասնագետների կողմից, ովքեր անտարբեր են երեխայի լավագույն շահի նկատմամբ և վերջինիս գնահատումը համարում են անտեղի կամ անկարևոր։

Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է երեխայի լավագույն շահին առնչվող ինչպես վերը նշված, այնպես էլ առկա այլ չափանիշների հաշվառումը Հայաստանում թե´ օրենսդրությունը զարգացնելիս, թե´ գործնական խնդիրները լուծելիս:

Պաշտպանն ընդգծում է երեխաների հետ աշխատող և երեխաների շահերը ներկայացնող բոլոր մասնագետների վերապատրաստման և իրազեկվածության մակարդակի բարձրացման կարևորությունն ու անհրաժեշտությունը՝ ոլորտում առկա խնդիրներն ու դրանց լուծումը երեխայի լավագույն շահից բխող կառուցակարգերով իրականացնելու դիտանկյունից:

Մարդու իրավունքների պաշտպանը վերահաստատում է իր հանձնառությունը ոչ միայն բարձրաձայնելու ոլորտում առկա խնդիրները, այլ նաև աջակցելու տարբեր դերակատարներին այս ուղղությամբ գործուն քայլեր ձեռնարկելու հարցում:

149