
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հուլիսի 3-25-ը Եղիշե Չարենցի անվան թիվ 67 դպրոցում իրականացրել է սփյուռքում գործող հայկական ուսումնական հաստատություններում դասավանդող ուսուցիչների վերապատրաստման ծրագիր: Ծրագիրն այս տարի ուներ «Գիտելիքի կամուրջ» խորագիրը: Վերապատրաստման այս տարվա դասընթացներին մասնակցել է 62 ուսուցիչ՝ 10 երկրից: Այս մասին տեղեկացնում են ԿԳՍՆ-ից:
Հուլիսի 25-ին ծրագրի ամփոփիչ միջոցառմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետ Արկադի Պապոյանը:
Միջոցառումը մեկնարկել է ծրագրի մասնակից ուսուցիչների պարային և վոկալ կատարումներով:
Նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, շնորհավորելով ծրագրի մասնակիցներին, ընդգծել է՝ ԿԳՄՍ նախարարությունը բազմաթիվ ծրագրեր է իրականացնում, որոնց մի մասը՝ սփյուռքի հետ կրթամշակութային համագործակցության շրջանակում, սակայն սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման այս ծրագիրը առանձնահատուկ է․ մասնակցում են աշխարհի տարբեր անկյուններում հայկական ինքնության գլխավոր պատասխանատուները՝ ուսուցիչները։
ԿԳՄՍ նախարարի տեղակալը կարևորել է ծրագրի շրջանակում ուսուցիչներին թանգարաններ և պատմամշակութային վայրեր այցելելու հնարավորության ընձեռումը, որն ուղղված է նաև կրթամշակութային գիտելիքների և հմտությունների ձեռքբերմանը։
«Այն զգացողությունները, որ այստեղ ապրում եք, անգամ այն սոցիալական կապիտալը, որ ձևավորում եք պարզապես միասին շփումներով, թվում է՝ անձնական են, բայց իրականում ինստիտուցիոնալ նշանակություն ունեն, որովհետև ծրագրի նպատակներից մեկն էլ այն է, որ դուք կայանաք որպես խումբ, մեկդ մյուսին օգնեք և սատար կանգնեք ձեր կարևոր առաքելությունն իրականացնելիս»,- դիմելով վերապատրաստմանը մասնակցած ուսուցիչներին՝ ասել է Արթուր Մարտիրոսյանը՝ շեշտելով, որ ՀՀ կառավարությունը, ի դեմս ԿԳՄՍ նախարարության, մշտապես պատրաստակամ է աջակցել սփյուռքում հայկական դպրոցների գործունեությանը:
Արթուր Մարտիրոսյանը կարևորել է պետության կողմից տրամադրվող կրթական ռեսուրսները, այդ թվում՝ վերապատրաստումների ձևաչափով՝ ուղղված ուսուցիչների աշխատանքի արդյունավետության բարձրացմանը։
ԿԳՄՍ նախարարի տեղակալն ընդգծել է՝ պետական աջակցությամբ կազմակերպվող վերապատրաստման ծրագրերին, խորհրդաժողովներին և համաժողովներին զուգահեռ անհրաժեշտ են նվիրյալներ, որոնք իրենց ամենօրյա ծանրաբեռնված աշխատանքով կնպաստեն սփյուռքում հայկական կրթության ուժեղացմանը:
Արթուր Մարտիրոսյանի համոզմամբ՝ ուսուցիչ լինելը, առավել ևս՝ սփյուռքում, առաքելություն է, մարտահրավերներով լի շարունակական ընթացք:
«Ձեր գործը, միմյանց հետ անձնական և ինստիտուցիոնալ կապերն ամրացնելը, այս գործընթացներում միմյանց աջակցելն անչափ կարևոր են: Իսկ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն էլ պատրաստակամ է պարբերական համաժողովներ կազմակերպել, շարունակական վերապատրաստումներ անել, աջակցել դասագրքերով և լսել ձեր բոլոր առաջարկները»,- ասել է նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և շնորհակալություն հայտնել ծրագրի մասնակիցներին նվիրյալ աշխատանքի համար:
ԿԳՄՍ նախարարի տեղակալը հավաստագրեր է հանձնել սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագրի մասնակիցներին՝ դասընթացը հաջողությամբ ավարտելու կապակցությամբ:
Նշենք, որ վերապատրաստման ծրագիրը ներառել է 120 ակադեմիական ժամ:
Վերապատրաստման ծրագիրն իրականացվել է «Ուսուցում մանկապարտեզում», «Ուսուցում մեկօրյա դպրոցում», «Տարրական ուսուցում», «Հայոց լեզու և գրականություն», «Հայոց պատմություն և մշակույթի պատմություն», «Երգ ու պարի ուսուցում», «Տնօրենների վերապատրաստում» ուղղություններով: Ծրագրին մասնակցել են սփյուռքահայ ուսուցիչներ Ռուսաստանից, Հնդկաստանից, Ուկրաինայից, Թուրքիայից, Գերմանիայից, Իսպանիայից, Վրաստանից, Լիբանանից, Բելգիայից, Ֆրանսիայից։