Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Առնվազն 5 հազար դրամ. այսքանով Սևանա լճի առափնյա հատվածում հնարավոր կլինի վարձել բացօթյա տաղավար, որի գները կարող են հասնել մինչև 20 հազար դրամի:

Իսկ եթե ցանկանում եք գիշերել քոթեջում, ապա գները սկսում են 8 հազար դրամից՝ հասնելով և անցնելով 50 հազար դրամը՝ կախված սենյակների թվից, հարմարություններից, անձանց թվից:

Իսկ եթե քոթեջի փոխարեն նախընտրում եք հյուրանոցային համար, ապա 2 անձի համար ամենամատչելի տարբերակը սկսում է միջինում 15 հազար դրամից, ընդ որում  ոչ առաջին գծում, հասնում է մինչև 80 հազար դրամի՝ ելնելով պայմաններից, սեփական լողավազան ունենալ-չունենալուց, տրամադրվող սննդից և պարբերականությունից:

Իսկ եթե ցանկանում եք հանգիստը կազմակերպել հնարավորինս մատչելի, ապա կարելի է դիտարկել հանրային լողափերը:

«Սևան ազգային պարկի»  տնօրեն Կարեն Մնացականյանը Zarkerak.am-ի հետ զրույցում նշեց, որ այժմ գործում է հինգ հանրային լողափ՝ Դրախտիկում, Սևանի թերակղզու հարակից հատվածում,  Լճաշեն գյուղի հարակից հատվածում,  երկուսն էլ  Մ4 միջպետական  ավտոմայրուղուն կից. «Եվս մեկ հանրային լողափ կահավորման փուլում է: Եվս 3-ի համար նախատեսված է մրցույթ, որոնց դեռ մասնակիցներ չկան, եթե դրանց համար ևս գտնեն կապալառու ընկերություններ, ապա հանրային լողափեր կլինեն նաև Նորատուսում, Մարտունիում, Ծովագյուղում»:

Իսկ թե ինչու մասնավորը չի ցանկանում մասնակցել մրցույթներին, Մնացականյանը բացատրեց հանգամանքով, որ հնարավոր է այս լողափերը առավել հեռու են մայրաքաղաքից և մտավախություններ կան այցելությունների փոքր թվի հետ կապված:

Կարեն Մնացականյան

Մեր զրուցակցի խոսքով, ժամանակին հանրային լողափերի աշխատանքը կազմակերպվում էր այլ ձևով, բայց քննարկումներից պարզ դարձավ, որ լավագույն տարբերակը դրանք մասնավորին հանձնելն է, որը կպարտավորվի տարածքում ներդրումներ անել. «Հաճախակի բողոքներ էինք ստանում՝ օրինակ տարածքի մաքրության, սանհանգույցների անմխիթար վիճակի վերաբերյալ: Որոշում կայացվեց, որ տարածքին պետք է հետևի մրցույթով հաղթած մասնավորը:  Որոշվեց, որ սանհանգույցները պետք է դառնան վճարովի՝ 200 դրամ: Գուցե 1-2 այցելու բողոքեն, բայց այս լուծումը օբյեկտիվ պատճառաբանություն ունի՝ շաբաթ-կիրակի օրերին հատկապես  Սևանի  համար 1, 2, 3,  հանրային լողափերում 2-3 հազար մարդ է այցելում, սանհանգույցները մշտապես մաքուր պահելու համար կապալառուն պետք է աշխատակից վարձի, վարձատրի, հետևաբար պետք է ինչ-որ ֆինանսական հոսք ունենա լողափի աշխատանքից, հատկապես, որ վերջինս որոշակի վճարներ է կատարում  Ազգային պարկին, նաև  վճարում  աղբահանության համար»:   

«Կարծում եմ՝ մեր հայրենակիցների համար ավելի լավ է  սանհագույցը վճարովի լինի, աղբ չլինի, և իրենց հանգիստն ավելի  քաղաքակիրթ անցկացնեն»: 

Կարեն Մնացականյանը նաև ընդգծեց, որ հանրային լողափեր մուտքն ազատ է՝ շվաքարանները, հանդերձանները, խաղահրապարակը,  ցնցուղարաններն անվճար են, կան սահմանափակումներ բարձր երաժշտություն միացնելու համար, տարածքում ներկա են լինում փրկարարներ, առկա է բուժկետ:  

Մինչդեռ պառկելաթախտերը վճարովի են՝  միջինում 1000 դրամ, իսկ ավտոկայանատեղին արժե 500 դրամ. «Ավտոկայանտեղին վճարովի դարձնելու պատճառն այն է, որ հարակից լողափերից մեքենաները բերում կանգնեցնում էին,  այս հարցը կանոնակարգելու խնդիր ուներ»,- ասաց Մնացականյանն ու հավելեց, որ  հանրային լողափերում  գործում են նաև սրճարաններ:

Կարեն Մնացականյանը վստահեցրեց, որ վճարովի ծառայությունների առկայությունը և գները բողոքներ չեն հարուցում, քանի որ գներն անհամեմատ մատչելի են, քան մասնավոր լողափերինը: 

«Տարեցտարի այցելուների թիվն ավելանում է, այդ թվում՝ տուրիստների, մարդկանց հոսքը մանավորապես շատացել է ներդրումներ կատարելուց և կահավորելուց հետո, օրինակ՝ անցած տարվա ամառային սեզոնին հանրային լողափերում շուրջ 90 հազար այցելու է եղել»:  

 

Սակայն,  Կարեն Մնացականյանի խոսքով, գերխնիդր է շարունակում մնալ տարածքն աղտոտելը և ոչ պատասխանատու վերաբերմունքը. «Կան մարդիկ, որ գալիս են իրենց հետ սնունդ են բերում,  օրվա ավարտից հետո  տոպրակները, թիթեղյա տարաները իրենց հետևից թողնում են՝ քամին, կենդանիները ցիրուցան են անում ամբողջ տարածքով: Հորդորում եմ վերջ տալ այս վերաբերմունքին և աղբ չնետել»,- ասաց  «Սևան ազգային պարկի»  տնօրենը և հիշեցրեց, որ տարածքում աղտոտվածության համար պատասխանատվություն են կրում տնտեսավարողները, երբ Էկոպարեկային ծառայության կողմից կազմված արձանագրություններն ուղարկվում են Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին:  

Աղբյուր՝ zarkerak.am

703