
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Շինարարի օրը Հայաստանում նշվում է յուրաքանչյուր տարի՝ օգոստոսի երկրորդ կիրակի օրը։ Այդ առիթով Քաղաքաշինության կոմիտեն և Հայաստանի շինարների միությունը համատեղ օգոստոսի 8-ին կազմակերպել են տոնական միջոցառում, որին ներկա են գտնվել փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, օրենսդիր և գործադիր մարմինների պաշտոնյաներ, շինարարության ոլորտի ներկայացուցիչներ:
Մասնագիտական տոնի առթիվ շնորհավորելով շինարարներին՝ փոխվարչապետը բարձր է գնահատել ամենօրյա պատասխանատու աշխատանքով պետության զարգացմանն ու առաջընթացին նպաստելու և դրա մասը կազմելու վերջիններիս պատրաստակամությունը։
Հաջորդիվ Տիգրան Խաչատրյանը հանձնել է մասնագիտական տոնի առթիվ մի խումբ շինարարների շնորհված պետական պարգևները։ Երկարամյա արդյունավետ գործունեության համար ՀՀ վարչապետի հուշամեդալով պարգևատրվել են «Բաղրամյանշին» ԲԲԸ տնօրեն Գագիկ Վարդանյանը և «ՄԼ Մայնինգ» ՍՊԸ գլխավոր տնօրեն Էդուարդ Մարգարյանը։ Արդյունավետ և բարեխիղճ աշխատանքի համար ՀՀ վարչապետի շնորհակալագրով պարգևատրվել են «Դ և Ս Քոնսթրաքշն» ՍՊԸ տնօրեն Դավիթ Քոչարյանը և «ԱռսԹոռ» ՍՊԸ հիմնադիր տնօրեն Արսեն Ղահրամանյանը։
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը շնորհավորական խոսքում անդրադարձել է 2025թ. 1-ին կիսամյակում շինարարության ծավալների 18.5% աճին և դրանց արտացոլմանը պետբյուջեի հարկային եկամուտներում։ Մասնավորապես՝ շինարարության ոլորտից այս տարվա առաջին կիսամյակում պետբյուջե վճարված հարկային եկամուտները 2024-ի նույն ժամանակաշրջանի համեմատ շեշտակի՝ մոտ 47%-ով աճել են՝ կազմելով 105.6 մլրդ դրամ։
«Գոհունակությամբ կարող ենք փաստել, որ շինարարներն արդեն հարմարվել են կառավարության ծրագրով նախատեսված շինարարական ծրագրերի այս աննախադեպ ծավալին` կատարելագործելով ռեսուրսները և կարող են համապատասխան տեմպով ու որակով շինարարություն իրականացնել։ Քաղաքաշինության կոմիտեն իր հերթին ձգտում է խթաններ ստեղծել, որպեսզի Հայաստանի շինարարության ոլորտը համընթաց շարժվի համաշխարհային միտումներին»,-ընդգծել է Եղիազար Վարդանյանը՝ մատնանշելով Եվրոպական միության քաղաքաշինական նորմերի տեղայնացումը, քաղաքաշինության ոլորտի թվայնացումը, քաղաքաշինական գործունեության որակի բարձրացմանը միտված կազմակերպությունների վարկանիշավորումը։
Շնորհավորական ելույթով հանդես է եկել նաև Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, ապա շինարարների հանձնել ԿԳՄՍ նախարարության մեդալ և շնորհակալագիր։
Հայաստանի շինարարների միության նախագահ Վահան Հարությունյանը շնորհակալություն է հայտնել կառավարության կողմից ոլորտին ցուցաբերվող աջակցության և ոլորտի ներկայացուցիչների գնահատման համար և կարևորել պետական կառույցների հետ համագործակցությունը։ Նա և Քաղաքաշինության Կոմիտեի նախագահը ոլորտի մի խումբ ներկայացուցիչների հանձնել են «Քաղաքաշինության բնագավառում նշանակալի ավանդի համար» ոսկե մեդալ և Քաղաքաշինության կոմիտեի շնորհակալագիր։
Շինարարության բնագավառի նվիրյալները պարգևատրվել են նաև Էրեբունի Երևան 2800-ամյակի հուշամեդալով, Երևանի քաղաքապետի շնորհակալագրով, արժանացել «Երևան քաղաքի պատվավոր շինարար» կոչմանը։ Երևանի քաղաքապետարանի պարգևները հանձնել է Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը։
Միջոցառումն ամփոփվել է երաժշտական կատարումներով և Հայաստանի շինարարության ոլորտի վերաբերյալ տեսանյութի ցուցադրությամբ։
ՀՀ քաղաքաշինության կոմիտե