ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Լիբանան կատարած այցի շրջանակներում հանդիպել է Լիբանանի Հայոց Թեմի առաջնորդ Գերշ. Տ. Շահե Արք. Փանոսյանի հետ: Այս մասին հայտնում է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը:

«Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Լիբանանում ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանի ուղեկցությամբ այցելել է Լիբանանի Ազգային Առաջնորդարան և հանդիպում ունեցել Լիբանանի Հայոց Թեմի առաջնորդ Գերշ. Տ. Շահե Արք. Փանոսյանի հետ: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Գլխավոր հանձնակատարը նախ խոսել է Հայաստանի կողմից Լիբանանի կառավարությանը և հայ համայնքին ցուցաբերվող մարդասիրական օգնության մասին, նշել, որ այս այցի նպատակներից է նաև տեղում լիբանանահայ համայնքի վիճակին ծանոթությունը»,- նշված է հաղորդագրությունում:

Թեմի առաջնորդը, ներկայացնելով համայնքային պատկերը, ընդգծել է, որ լիբանանահայությունը բազմաթիվ դժվարություններ է տեսել և այս մեկն էլ կկարողանա հաղթահարել:

Զարեհ Սինանյանն անդրադարձ է կատարել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հատուկ լիբանանահայերի համար նախաձեռնված դրամահավաքին: Կողմերը քննարկել են հնարավոր աջակցության ուղղությունները, հատկապես կարևորել կրթօջախների վերականգնումը:

Հանդիպմանը ներկա են եղել հայաստանյան պատվիրակության անդամները:

238