Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Քաղաքացին ընկել է ոչ թե զիփլայնից, այլ ռոլլեր լայնից, որը գետնից բարձր է 3-4 մետր։ Այս մասին պարզաբանում է տարածել «Yell Extreme Park»–ը` անդրադառնալով երեկ գրանցված միջադեպին։

Ավելի վաղ հայտնել էինք, որ օգոստոսի 24-ին Ենոքավան գյուղի զիփլայնից քաղաքացի է ընկել և հոսպիտալացվել բժշկական կենտրոն։

«Ընկերությունը դեպքի առաջին իսկ պահից եղել է տուժածի կողքին։ Անմիջապես կանչվել է շտապօգնություն, և տուժածը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ կատարվել են անհրաժեշտ բուժզննումներ։ Այնուհետև նա տեղափոխվել է Երևան՝ հետագա հետազոտությունների իրականացման և բուժում ստանալու նպատակով:


Ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ տուժածի կյանքին վտանգ չի սպառնում։ Նա ստացել է ոտքի կոտրվածք և ներկայումս գտնվում է հիվանդանոցում, որտեղ ներկա են նաև ընկերության ներկայացուցիչները։


Ընկերությունում սկսվել է ներքին հետաքննություն՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու նպատակով։ Դեպքից անմիջապես հետո դադարեցվել են Ռոլլեր լայնով թռիչքները։ Ռոլլեր լայնը անցել է համապատասխան փորձաքննությունը և գրանցված է սահմանված կարգով՝ համապատասխան ՆԳՆ Փրկարար ծառայության վտանգավոր օբյեկտների ռեեստր։ Յելլ Էքստրիմ Պարկում առկա են շահագործման համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը։
Աշխատակիցները անցել են համապատասխան հրահանգավորում և վերապատրաստում, որի ընթացքում նրանց ներկայացվել են անվտանգության կանոնները։ Ներկայացված տեղեկատվությունը հաստատվել է աշխատակիցների կողմից ստորագրությամբ»,–ասված է հաղորդագրության մեջ։

 

280