Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Օգոստոսի 15-26-ն ընկած ժամանակահատվածում ՆԳՆ Փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններում ստացվել են բազմաթիվ ահազանգեր՝ խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ։

 

Այս մասին հայտնել է ՆԳՆ փրկարար ծառայությունը:

 

Տարբեր մարզերում ու բնակավայրերում հրդեհները տարածվել են զգալի հատվածների վրա՝ ստեղծելով լուրջ սպառնալիք ինչպես բնական միջավայրին, այնպես էլ հարակից բնակավայրերին։

 

Հրդեհների դեպքեր են արձանագրվել Ապարան, Եղվարդ, Գյումրի, Վանաձոր, Մեղրի, Բերդ քաղաքներում, ինչպես նաև Սարալանջ, Գեղարդ, Ալափարս, Ֆանտան, Սանահին, Ագարակավան, Լճաշեն, Կարճաղբյուր, Այգեձոր, Կամխուտ, Արգել, Լճավան, Հաղթանակ գյուղերում, ինչպես նաև Կոտայք-Կապուտան, Չքնաղ-ԹԹուջուր ավտոճանապարհներին և Հարթաշեն-«Զանգեր» հատվածում։

 

Չնայած դժվարին և երբեմն բարդ լանդշաֆտային պայմաններին՝ հրշեջ-փրկարարներին հաջողվել է օպերատիվ և համակարգված գործողություններով մեկուսացնել և ամբողջությամբ մարել հրդեհի օջախները՝ կանխելով դրանց հետագա տարածումն ու հնարավոր աղետալի հետևանքները։

 

ՆԳՆ փրկարար ծառայությունը հորդորել է խստորեն պահպանել հրդեհային անվտանգության կանոնները, զգոն լինել և խուսափել այնպիսի գործողություններից, որոնք կարող են դառնալ հրդեհի պատճառ:

89