
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հարավային Կալիֆոռնիայում գործող DeepSat ստարտափը, որի համահիմնադիրներից են հայ մասնագետներ Ներսես Օհանյանը, Դավիթ Բաղդասարյանը և Հայկ Մարտիրոսյանը, ստացել է 1.25 միլիոն դոլարի պայմանագիր ԱՄՆ օդային ուժերից՝ ծայրահեղ ցածր օրբիտում (VLEO) մոնիտորինգի հնարավորություններ մշակելու համար։
Ընկերության գլխավոր տնօրեն Ներսես Օհանյանը SpaceNews-ին ասել է, որ DeepSat-ի նպատակն է կիրառել առևտրային ամենաարդյունավետ տեսախցիկները՝ ապահովելու բարձրորակ պատկերներ VLEO-ից և այն դարձնելու մասշտաբային։
DeepSat-ը պատրաստվում է ստեղծել շուրջ 20 արբանյակից կազմված Orion’s Belt համաստեղությունը, որը հնարավորություն կտա յուրաքանչյուր 15-30 րոպեն մեկ դիտարկումներ իրականացնել Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում։ Այս հաճախականությունն, ըստ Օհանյանի, թույլ կտա ընկերության հաճախորդներին՝ հայտնաբերել և հետևել ծովային նավերին։
Արբանյակները կհավաքագրեն ինչպես տեսանելի, այնպես էլ կարճալիք ինֆրակարմիր պատկերներ, կտրամադրեն տվյալներ նավերի ու օդանավերի մասին հատուկ ազդանշանային համակարգերի միջոցով։
Նախքան Orion’s Belt-ի գործարկումը, ընկերությունը նախատեսում է 2027-ին իրականացնել նախնական փորձարկում՝ SpaceX Transporter համատեղ արձակման միջոցով։
Օհանյանը, որը ավիատիեզերական ինժեներ է և երկար տարիներ աշխատել է տեխնոլոգիական ոլորտում, DeepSat-ը հիմնել է 2024-ին՝ BigStory VC-ի հիմնադիր գործընկեր Դավիթ Բաղդասարյանի և «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիայի համահիմնադիր Հայկ Մարտիրոսյանի հետ։
Այս նախագծով հայկական մասնագետների մասնակցությամբ ստեղծված ստարտափը ամրապնդում է իր դիրքերը միջազգային տիեզերական տեխնոլոգիաների շուկայում։