Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ազգային ժողովի տնտեսական հարցերի հանձնաժողովը հավանություն տվեց օրենքի նախագծին, որով նախատեսվում է կարգավորել անշարժ գույքի առուվաճառքի, վարձակալության ոլորտը: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ռիելթորական գործունեության մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում ներկայացրեց ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը:

Նրա խոսքով՝ ոլորտը որևէ իրավական դաշտով կարգավորված չէ մինչև այս պահը:

Օրենքի հիմնական նպատակն է սահմանել այն բոլոր իրավահարաբերությունները և պատասխանատվության շեմերը, բոլոր սուբյեկտներին, որոնք գործունեություն են իրականացնում անշարժ գույքի ոլորտում: 

«Համապատասխանաբար պահանջներ են սահմանվում ռիելթորի, անշարժ գույքի կառավարան ուղղությունների համար: Սահմանվում է, որ անշարժ գույքի ռիելթորները, ժողովրդական լեզվով ասած, բրոքերները, պետք է ունենան համապատասխան որակավորման վկայականներ, պետք է մասնակցեն որակավորման քննություններին, որից հետո ստանան համապատասխան վկայական, հետո նոր կարողանան համապատասխան ծառայություններ մատուցել մասնավորին: Սրանով փորձում ենք բարձրացնել ծառայությունների որակը, մարդկանց դարձնել ավելի իրազեկ և հարաբերությունների մեջ սահմանել այն նշաձողը, որին պետք է համապատասխանի մասնագետը, որն օգնում է վաճառել կամ գնել անշարժ գույք»,-ասաց Թովմասյանը:

Կառավարության որոշմամբ կսահմանվեն բոլոր հարցաշարերը և քննության անցկացման ընթացակարգերը, տեխնիկական միջոցները, որոնցով մասնագետները կդիմեն ու կստանան որակավորման վկայական:

Ներդրվում է տեղակատվական միասնական շտեմարան: Կլինի թվային տիրույթ, որտեղ կներկայացվի առաջարկ-պահանջարկը: 

«Այդ բազայի ներդրման հիմնական նպատակը ՀՀ-ում անշարժ գույքի վաճառքի կամ վարձակալության՝ առաջարկվող շուկան ֆիլտրելն է ու վստահ լինելը, որ առաջարկությունը ստուգված է»,-նշեց կոմիտեի ղեկավարը: 

Նախագծերի փաթեթը կքննարկվի ԱԺ լիագումար նիստում:

164