Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հանրապետությունում հեծանվային սպորտի և առողջ ապրելակերպի մասսայականացման, դպրոցականների շրջանում ֆիզկուլտուրայի և սպորտի քարոզչության ապահովման նպատակով սեպտեմբերի 12-13-ը կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղային հեծանվավազքի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

Մրցաշարը կանցկացվի Գեղարքունիքի մարզում՝ Սևանա լճի թերակղզուց դեպի Շողակաթ բնակավայր գտնվող 40 կմ ճանապարհահատվածում:

Մրցաշարն անցկացվում է 3 փուլով: Համայնքային փուլում դպրոցականները հաղթահարել են 25, մարզային փուլում՝ 30 կմ մրցատարածություն: Եզրափակիչ փուլին կմասնակցեն մարզային փուլում 1-ին տեղերը գրաված դպրոցների կամ վարժարանների հավաքական թիմերը. յուրաքանչյուր մարզից ընդամենը 6 աշակերտ, ֆիզկուլտուրայի 2 ուսուցիչ և յուրաքանչյուր մարզից 1 ներկայացուցիչ: Մրցաշարի նախնական փուլերին այս տարի մասնակցել է 940 դպրոցի 4214 աշակերտ:

Մրցաշարն անցկացվում է 2 տարիքային խմբերով. մասնակցում են ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների 7-9-րդ և 10-12-րդ դասարանների աշակերտներից կազմված հավաքական թիմերը.

  • 1-ին տարիքային խումբ՝ 7-9-րդ դասարանների աշակերտներ (թիմի կազմում՝ 1 տղա, 1 աղջիկ և 1 ֆիզկուլտուրայի ուսուցիչ),
  • 2-րդ տարիքային խումբ՝ 10-12-րդ դասարանների աշակերտներ (թիմի կազմում՝ 2 տղա, 2 աղջիկ և 1 ֆիզկուլտուրայի ուսուցիչ):

Եզրափակիչ փուլին մասնակից թիմը պետք է մրցավայր ներկայանա անձը հաստատող փաստաթղթերով (անձնագիր կամ ծննդյան վկայական), յուրաքանչյուր աշակերտի համար դպրոցի տնօրենի կողմից հաստատված տեղեկանք՝ լուսանկարով: Թիմերը պետք է մրցավայր ներկայանան դպրոցի կողմից տրամադրված հեծանիվներով՝ 1.95 և ավելի չափի անիվներով ու պարտադիր սաղավարտով: Արգելվում են ցանկացած տիպի խճուղային, էլեկտրական և մոտորային շարժիչներով հեծանիվները, ինչպես նաև խճուղային և սպորտային ղեկով հեծանիվի մոդիֆիկացված հեծանիվները, արգելվում է նաև կոնտակտային ոտնակների կիրառումը: Յուրաքանչյուր մասնակից պարտավոր է մեկնարկին (start) և վերջնարկին (finish) տեխնիկական զննում իրականացնող հանձնաժողովին ներկայացնել իր հեծանիվը:

Եզրափակիչ փուլին 1-ին, 2-րդ և 3-րդ տեղեր գրաված դպրոցների թիմերը և մասնակիցները կպարգևատրվեն ԿԳՄՍՆ համապատասխան կարգի հավաստագրերով, գավաթով, մեդալներով և դրամական պարգևներով: 1-ին տեղ գրաված դպրոցը կպարգևատրվի 4․000․000 ՀՀ դրամով, 2-րդ տեղը՝ 2․500․000 ՀՀ դրամով, 3-րդ տեղը՝ 1․500․000 ՀՀ դրամով:

Կպարգևատրվեն նաև դպրոցների ֆիզկուլտուրայի ուսուցիչները․ 1-ին տեղ՝ 700․000 ՀՀ դրամ, 2-րդ տեղ՝ 500․000 ՀՀ դրամ և 3-րդ տեղ՝ 300․000 ՀՀ դրամ: Հեծանվավազքի հաղթող թիմերի աշակերտները ևս կպարգևատրվեն դրամական մրցանակներով. 1-ին տեղ՝ 2 մասնակից՝ 150․000-ական ՀՀ դրամ, 2-րդ տեղ՝ 2 մասնակից՝ 100․000-ական ՀՀ դրամ, 3-րդ տեղ՝ 2 մասնակից՝ 75․000-ական ՀՀ դրամ։

«ՀՀ վարչապետի գավաթ» խճուղային հեծանվավազք սիրողական մրցաշարը դպրոցականների համար անցկացվում է երկրորդ անգամ:

123