Հայաստանում չինարեն դասավանդող ուսուցիչներն ու լեզուն ուսումնասիրող երիտասարդները պարգևատրվեցին Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանության կողմից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` առցանց պարգևատրման արարողությանը հաղթողների անունները հայտնեց ՀՀ-ում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յունը:

«Լեզուն հոգիները կապող մի կամուրջ է, ինչպես Հայաստանը, այնպես էլ Չինաստանը ունեն հարուստ պատմություն ու մշակույթ, և նրանց կապերը կարելի է գտնել դեռևս Մետաքսի ճանապարհի ժամանակներից: Ենթադրվում է, որ հայ բանագնացները տիրապետում էին չինարենին, ինչը կարևոր դեր է խաղացել հաղորդակցության հարցում»,- ասաց դեսպանը:

Ֆան Յունը հայտնեց, որ մինչ այժմ Հայաստանում չինարեն սովորողների թիվը հասել է 2800-ի և Հայաստանում շարունակում են աշխատել չինացի 20-ից ավելի ուսուցիչներ ու կամավորներ:

«Բարեկամները բացահայտվում են դժվարության մեջ: Հայաստանն ու Չինաստանն այժմ գտնվում են նույն նավակում և միասին պայքարում համավարակի դեմ, ինչը խոսում է երկու ժողովուրդների բարեկամության մասին»,- նշեց Ֆան Յունը:

Հայաստանում Չինաստանի դեսպանատան կողմից պարգևատրվեց չինարենի հայ չորս ուսուցիչ և դասախոս, ինչպես նաև ուսանողներ ու աշակերտներ` Երևանի մի շարք բուհերից ու դպրոցներից:

1113