Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Սեպտեմբերի 22-ին «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի փոխտնօրեն Թալին Թօփալաքեանը և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը հյուրընկալել են Նիցցայի «Sos-Armenie Côte d’Azur» ասոցիացիայի պատվիրակությանը և ուղղեկցել դեպի «Հաղթանակ» շուրջօրյա խնամքի և Վարդենիսի շուրջօրյա մասնագիտացված խնամքի կենտրոններ։ Այցի նպատակը հաջողված համագործակցության արդյունքներին տեղում ծանոթանալն է եղել։
Այս մասին հայտնել է «Իմ Քայլը» հիմնադրամը
««Sos-Armenie Côte d’Azur» ասոցիացիայի ֆինանսավորմամբ «Իմ Քայլը» հիմնադրամը Վարդենիսում կառուցել է 500 քմ մակերեսով ջերմատուն, իսկ Երևանի «Հաղթանակ» կենտրոնում լուծվել է ոռոգման հիմնախնդիրը՝ նախապատրաստելով տարածքը ևս մեկ ջերմատան կառուցման համար։
Այս ծրագրի նպատակը ոչ միայն նոր զբաղվածության ձևերի ստեղծումն է, այլև տարեցների հոգեկան առողջության խթանումը՝ հողի հետ աշխատանքի միջոցով։ Ջերմատունը դառնալու է տարածք, որտեղ բնակիչները կարող են զբաղվել օգտակար գործունեությամբ՝ մշակելով բույսեր և մասնակցելով բերքի հավաքին։ Ստացված բերքը կօգտագործվի իրենց իսկ սննդակարգում։
Ասոցիացիայի ծրագրի համակարգող Վահագն Մովսեսյանը հատուկ շնորհակալություն հայտնեց հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանին՝ ընդգծելով, որ նրա առաջնորդությունը և նվիրվածությունը առանցքային դեր են ունեցել այս ծրագրի կյանքի կոչման գործում։
Տաթևիկ Ստեփանյանը հյուրերին մանրամասն ներկայացրեց կենտրոնների հիմնական գործառույթներն ու ենթակառուցվածքները` տեղեկացնելով, որ Երևանի «Հաղթանակ» խնամքի կենտրոնը ներկայումս սպասարկում է շուրջ 250, իսկ Վարդենիսի կենտրոնը՝ 450 բնակչի, ինչը պետության հետևողական աշխատանքի և ֆինանսական մեծ ներդրումների արդյունքն է:
«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի փոխտնօրեն Թալին Թօփալաքեանը, Աննա Հակոբյանի անունից, շնորհակալություն հայտնեց ասոցիացիայի կառավարման խորհրդին՝ վստահեցնելով, որ այս ներդրումը դրական ազդեցություն կունենա խնամվողների առօրյայի վրա: Նա նաև պատվիրակությանը ներկայացրեց հիմնադրամի մյուս ծրագրերն ու դրանց ունեցած բեկումնային դերը շահառուների կյանքում:
«Հողի հետ աշխատելուց մարդիկ հանգստանում են, վերագտնում իրենց արժեքը և զգում՝ որ դեռ կարող են արարել։ Հուսով ենք որ ապագայում միասին դեռ շատ նմանատիպ նախաձեռնություններ կիրականացնենք»,- նշեց տիկին Թօփալաքեանը։
Պատվիրակության անդամները վստահություն հայտնեցին, որ համագործակցությունը շարունակական կլինի` բարելավելով խնամքի կենտրոնների պայմաններն ու բնակիչների կյանքի որակը»,- ասված է հաղորդագրության մեջ։