Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Օրենքի առաջ բոլորն են հավասար, և այդտեղ մենք պետք է տաբուներ չունենանք․ բնակաբաբար քրեական հետապնդման մարմինները հաշվի առնելով գործի նրբությունը՝ պետք է գործեն առավելագույնս օրենքի շրջանակներում․ այս մասին Araratnews-ի հետ զրույցում ասաց իրավաբան, իրավաբանական գիտությունների թեկնածու Արտաշես Խալաթյանը՝ անդրադառնալով այսօր Արագածոտնի թեմի առաջնորդարանում տեղի ունեցած ձերբակալություններին, որոնք կապված են Տեր Արամի այն հայտարարության հետ, որ 2021-ին վերադասի՝ թեմի առաջնորդ Տեր Մկրտչի հրահանգով մասնակցել է ընդդիմության հանրահավաքներին։
«Օրենքը տարածվում է բոլորի վրա՝ քահանայից մինչև փաստաբան կամ պաշտոնյա․ այսինքն՝ իրավական պետության պարագայում, որին մենք ձգտում ենք, այդպիսի տաբուներ չպետք է լինեն։ Գործի հանգամանքներին պետք է նայել, Քրեական օրենսգիրքը տարբեր հոդվածներ ունի, որոնք կարող են որոշակի փաստական հանգամանքների հաստատմամբ գործել, բայց կրկնեմ՝ վաղ է դրա մասին խոսել», - ասաց նա։
Հարցին՝ աշխարհում կա՞ն երկրներ, որտեղ հոգևորականները արտոնյալ են պետության և օրենքների առաջ, Խալաթյանը պատասխանեց․ «Ոչ, քաղաքացիները օրենքի առաջ հավասար են, ինչ վերաբերում է, թե եկեղեցու հանդեպ գործողություններ են իրականացվում՝ չեն իրականացվում, այլ կոնկրետ քաղաքացիների մասով է գործառույթ իրականացնում քրեական հետապնդման մարմինը, որոնք քահանայի կամ եկեղեցական հիերարխիայում այլ կարգավիճակ ունեն։ Միևնույն ժամանակ պետք է հիշեցնել, որ այսօր պաշտոնական քրիստոնեական կրոնական ուղղություն է համարվում բողոքականությունը, որը ծագել է արևմտյան Եվրոպայում և ըստ էության այդ ժամանակ կաթոլիկ եկեղեցու վիճակի, քաղաքականության մեջ խառնված լինելու պատճառներով ստացել է ընդգրկուն բնույթ՝ ինչպիսիք են Բրիտանիան, Գերմանիան, Սկանդինավյան երկրները, որոնք բողոքական են։ Այսինքն՝ պետք է հասկանալ, որ ընդհանուր առմամբ եկեղեցու խնդիրները հանրային են և եկեղեցու աստվածահաճո և բարոյական էթիկայի նորմերին համապատասխան գործելը հանրային շահ է և պահանջ ու ինչպես նշեցի՝ նույնիսկ ժամանակին դարձել է խոշորագույն քաղաքական իրադարձություններից մեկի պատճառ»։
Այս դեպքում, Խալաթյանի խոսքով, երբ եկեղեցականի ենթադրյալ հանցավոր իրավախախտման հետ կապված գործողություններ են կատարվում՝ դա քաղաքականության հետ կապելը նշանակում է, որ մենք ժխտում ենք օրենքի առաջ բոլորի հավասարությունը և փաստորեն մերժում ենք գաղափարը, որ եկեղեցականը նույնպես ունի օրենքի առջև իր պարտականությունները կատարելու խնդիր։
Անդրադառնալով իրավիճակին, երբ ընդդիմադիր տարբեր շրջանակներ և եկեղեցականներ ձերբակալված հոգևորականներին որպես քաղաքական բանտարկյալ են ներկայացնում՝ արդյոք դա չի նշանակում ընդունել, որ վերջիններս քաղաքականությամբ են զբաղվում, մեր զրուցակիցն ասաց․ «Եկեղեցին պետք է զերծ լինի քաղաքական որևէ հոսանքի հարելուց, որովհետև բոլորն էլ Եկեղեցին ընդգրկում է, բոլոր տիպի քաղաքական գաղափարախոսություններ կրողներին՝ դիմությունից մինչև ընդդիմություն․ հետևաբար նման հայտարարությունները խոր կասկածներ են հարուցում, որ եկեղեցու մեջ կան շրջանակներ, որ կողմնապահ են քաղաքական առումով, ինչը եկեղեցու սահմանադրական առաքելությանը հակասում է»։
Մեր զրուցակիցը խոսելով Սամվել Կարապետյանի փաստաբան Ռոբերտ Ամստերդամի այն հայտարարությունից, որ ամեն օր Հայաստանի դեմ գրոհելու են կամ որ Նիկոլ Փաշինյանը բռնապետ է՝ դա համարեց էթիկային հակասող, բայց նրա խոսքով՝ նախ պետք է հասկանալ այդ մարդու կարգավիճակը, Հայաստանում որպես փաստաբան գործելու հիմքերը, որովհետև փաստաբանության մասին օրենքը հստակ սահմանում է, որ ՀՀ-ում փաստաբանական արտոնագիր չստացած անձը պետք է մեկ գործով կամ որոշակի ժամանակով արտոնագրվի և մեծ վճար կատարի, որպեսզի իրեն ընդհանրապես թույլատրվի զբաղվել փաստաբանական գործունեությամբ։
Գեղամ Ադյան