Սամցխե-Ջավախեթիի (հայկական անվանումը Ջավախք) ռեգիոնի Ախալքալաքի և Նինոծմինդայի մեծամասնական շրջանից ընտրված Վրաստանի խորհրդարանի ամենաերկարակյաց և ամենալռակյաց պատգամավորներից Հենզել Մկոյանը, համաձայն նրա փաստաբանի հայտարարության, հայտնվել է բարդ և վտանգավոր դրության մեջ:

 

Վրաստանի խորհրդարանում 21 տարի աշխատած «Վրացական երազանք» կուսակցության մեծամասնական պատգամավոր Հենզել Մկոյանին, փաստաբանի խոսքով շանտաժի են ենթարկում, սպառնում սպանել, և նրանից 5 մլն դոլար շորթելու փորձ է եղել: Փաստաբանի խոսքով՝ Մկոյանը վախեցած է և Վրաստանում ԱՄՆ դեսպանի հետ հանդիպում է պահանջում:

 

«Հենզել Մկոյանը ինձ խնդրել է իր անունից հայտարարություն անել: Հարցը վերաբերում է սպառնալիքի, շանտաժի ու շորթման փաստերին: Առաջին փաստը տեղի է ունեցել 2020 թվականի հուլիսի 20-ին, երբ նրան զանգել են և պահանջել հեռանալ քաղաքականությունից, հանգիստ մնալ, ոչ մեկի հետ կապ չունենալ, այլապես կխլեն իրենից ամենաթանկ մարդուն: Մի քանի օր անց՝ հուլիսի 24-ին, տեղի է ունեցել երկրորդ հեռախոսազանգը և Մկոյանին ասել են՝ «օլիգարխ, որ բիզնեսով ես զբաղված, ինչո՞ւ փող չես վճարում, մեզ 5 մլն պետք է տաս»։ Մկոյանը հարցրել է, թե ովքեր են և ինչու պետք է նա փող տա, որին խոսողներից մեկը պատասխանել է, որ 15 տարի բանտում է եղել, եթե իրենց կողմից տրված հաշվեհամարին 5 մլն դոլար չփոխանցի, նրան կսպանեն և 20 տարի նորից կնստեն»,- մեջբերում է Մկոյանի փաստաբանի հայտարարությունը Ախալքալաքում գործող Jnews.ge լրատվական գործակալությունը:

 

Երկու դեպքում էլ պատգամավորի հետ խոսել են ռուսաց լեզվով, նշում է Փաստաբանը:

 

Նրա խոսքով՝ Մկոյանն ու իր ընտանիքը սթրես են ապրում սպառնալիքների պատճառով և պատգամավորը պահանջում է, որ նշված դեպքերը քննի գլխավոր դատախազությունը: «Վրաստանի խորհրդարանի անդամին սպառնալու և գումար շորթելու գործով դիմել են դատախազությանը, սակայն նրանց դիմումը հայտնվել է շրջանային ոստիկանության բաժանմունքում: Նրանց պնդմամբ՝ այս հարցը շրջանային ոստիկանությունը չպետք է քննի», - ասված է հայտատարարությունում:

 

Փաստաբանը վերջում նշել է, որ ոչ միայն Մկոյանն է վախեցած, այլ նաև իր ընտանիքի անդամները, այդ պատճառով էլ նրան միայնակ ոչ մի տեղ չեն թողնում գնալ: Մկոյանը դիմում է Վրաստանում հավատարմագրված բոլոր դեսպաններին, որպեսզի նրա ընտանիքի անդամների կյանքը պաշտպանված լինի: Նա ԱՄՆ դեսպանի հետ հանդիպում է պահանջում:

 

Հենզել Մկոյանն ավելի վաղ չէր բացառել, որ այս տարի աշնանը Վրաստանում սպասվող խորհրդարանական ընտրություններում կարող է առաջադել իր թեկնածությունը:

 

«Ես, 21 տարի լինելով Վրաստանի խորհրդարանի անդամ, 21 տարի եղել եմ ժողովրդի, կառավարության ու պետության կողքին: Լինելով ձեր խոնարհ ծառան՝ այսօր էլ պատրաստ եմ, ձեր ցանկության ու խնդրանքի դեպքում նորից մասնակցել ընտրություններին»,- հայտարարել է Մկոյանը, հայտնում է «Ալիք Մեդիան»:

 

Հատկանշական է, որ հուլիսի 20-ին Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը ներկայացրեց մեծամասնական պատգամավորության թեկնածուներին, որոնց շարքում չկար Հենզել Մկոյանը: Ախալքալաքի և Նինոծմինդայի շրջանից իշխող կուսակցությունն առաջադրել է գործող պատգամավոր Սամվել Մանուկյանի թեկնածությունը:

 

Նշենք, որ այս տարվա մարտ ամսին միջադեպ էր տեղի ունեցել Հենզել Մոկյանի և Ախալքալաքի նախկին ոստիկանապետ, այնուհետև Ջավախքից ընտրված Վրաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր, այժմ Ախալքալաքի Սակրեբուլոյի պատգամավոր Սամվել Պետրոսյանի միջև: Վեճը սկսել էր Սամվել Պետրոսյանի և Հենզել Մկոյանի մտերիմների միջև տեղի է ունեցել ընդհարմից, որի ավարտին կրակոցներ են հնչել:

 

Ընդհարմանը մասնակից են եղել նաև նախկին և ներկա պատգամավորներն անձամբ: Սամվել Պետրոսյանը և ներկայիս պատգամավոր Հենզել Մկոյանը երկարամյա «հակառակորդներ» են Ջավախքի քաղաքական դաշտում:

 

Սամվել Պետրոսյանը և Հենզել Մկոյանի եղբորորդին՝ Արմեն Մկոյան, ձերբակալվել են:

730