Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ հաստատված Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Աջակցենք Արցախին» ծրագրի շրջանակներում համակարգող հանձնախումբը՝ ատենապետությամբ Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի, օրերս արդեն ձեռնամուխ է եղել մի շարք հունամիտար ձեռնարկների իրականացմանը։

 

Մայր Աթոռի Սոցիալական ծառայությունների գրասենյակի միջոցով Արարատյան հայրապետական թեմի Արարատի հոգևոր տեսչությունում, Շիրակի, Գուգարքի և Արմավիրի թեմերում պարենային սննդի և հիգիենիկ պարագաների աջակցություն է ցուցաբերվել Արցախից տեղահանված 205 ընտանիքի։ Աջակցությունը կտրամադրվի առաջիկա չորս ամիսներին և կընդգրկի նաև Հայաստանում ապաստանած այս ընտանիքների կոմունալ վարձերի վճարումը։

 

Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և թեմերի կողմից կիրականացվի 250000 (երկու հարյուր հիսուն հազար) ԱՄՆ դոլարի մեկ այլ ծրագիր, որի շրջանակներում հայաստանյան թեմերում և Արցախի թեմում հոգևոր հովիվների կողմից նվերներ կբաշխվեն Արցախից տեղահանված ընտանիքների, ինչպես նաև զոհված և վիրավոր զինծառայողների, անհայտ կորած կամ գերության մեջ գտնվող անձանց ընտանիքների 18000 երեխայի։

 

Ծրագրին օժանդակելու նպատակով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում աշխարհասփյուռ թեմերից ստացվել են մի շարք նվիրատվություններ։

 

 

 

 

30 Դեկտեմբեր, 2020 16:37
168
; ;