Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Վերջին տարիներին տեղեկատվության ծավալի կտրուկ աճը զգալիորեն փոխել է հանրության ինֆորմացիոն վարքագիծը։ Այսօր յուրաքանչյուր օգտատեր ամեն օր հանդիպում է տասնյակ նորությունների, կարծիքների ու մեկնաբանությունների։ Սակայն այդ բովանդակությունը միշտ չէ, որ հավաստի է։ Այս իրականությունում մեդիագրագիտությունը դարձել է ոչ միայն օգտակար կարողություն, այլև ժամանակակից մարդու անվտանգության հիմնարար բաղադրիչ։

Մեդիագրագիտությունը, անկասկած, կարևոր գործիք է ապատեղեկատվության դեմ պայքարում: Քննադատական և թվային մտածողություն ունեցող հանրությունը շատ ավելի մեծ հավանականությամբ է կարողանում գնահատել առցանց տարածվող տեղեկատվությունը, տարբերել վստահելի աղբյուրները և կայացնել տեղեկացված որոշումներ՝ որպես քաղաքացիներ, սպառողներ կամ պարզապես ակտիվ օգտատերեր։ Բացի պաշտպանական ֆունկցիայից, մեդիագրագիտությունը հնարավորություն է տալիս ավելի ստեղծագործաբար և արդյունավետ ներգրավվել մեդիա միջավայրում՝ հասկանալ դրա մեխանիզմները և ձևավորել սեփական որակյալ բովանդակությունը։

Մեդիագրագիտության կրթությունը կարևոր է թե՛ մեծահասակների, թե՛ երեխաների համար։ Դա մի բան չէ, որը մի անգամ սովորում են ու ավարտում։ Այն ներառում է ինչպես գործնական հմտություններ (օրինակ՝ աղբյուրների ստուգում, պատկերների վերծանում, ալգորիթմների աշխատանքի ըմբռնում և այլն), այնպես էլ թվային միջավայրի փոփոխություններին շարունակաբար հետևելու կարողություն։ Այդ պատճառով այն համարվում է ողջ կյանքի ընթացքում զարգացող կարողություն՝ հաշվի առնելով, որ մեդիան և տեխնոլոգիան մշտապես փոխվում են։

Իհարկե, մեդիագրագիտությունը չի կարող լինել ապատեղեկատվության խնդրի միակ և վերջնական լուծումը։ Այն չպետք է դիտարկվի որպես «արծաթե փամփուշտ», որը մյուս քաղաքական կամ տեխնիկական նախաձեռնությունները դարձնում է ավելորդ։ Ինչպես նշում է LSE-ի (Լոնդոնի տնտեսության և քաղաքական գիտությունների դպրոց) ճշմարտության, վստահության և տեխնոլոգիաների հանձնաժողովի նախագահ, Լոնդոնի տնտեսագիտության համալսարանի պրոֆեսոր Սոնյա Լիվինգսթոնը, մեդիագրագիտությունը հաճախ ընկալվում է քաղաքականություն մշակողների կողմից որպես «հեշտ հաղթանակ», այնինչ իրականում այն շատ ավելի բարդ և բազմաշերտ գործընթաց է։ Առցանց աշխարհում տեղեկատվության ծավալը և արագ փոփոխվող բնույթը դժվարացնում են հստակ կանոնների և միանշանակ որոշումների մշակումը, և այստեղ կարևոր է խուսափել անհատ քաղաքացու վրա ամբողջ պատասխանատվությունը դնելու վտանգավոր մոտեցումից։

Այս համատեքստում կարևոր է հասկանալ, թե ինչպես են տարբեր երկրներ մոտենում մեդիագրագիտության զարգացմանը։ Ստորև կներկայացնենք, թե ինչ մակարդակի վրա է մեդիագրագիտությունը Հայաստանում և Էստոնիայում՝ դիտարկելով երկու երկրների կիրառած քաղաքականությունները, կրթական նախաձեռնությունները և այն քայլերը, որոնք ուղղված են մեդիա կրթության խթանմանն ու ապատեղեկատվության դեմ արդյունավետ պայքարին։

 

Հայաստանի փորձը

Հավաստի ինֆորմացիայի ընկալումն ու ստուգումը օգնում են մարդկանց դառնալ գիտակից քաղաքացիներ, որոնք կարողանում են գնահատել հասարակական և քաղաքական իրադարձությունները ոչ թե զգացմունքներով, այլ փաստերով։ Այս համատեքստում կարևոր է, որ կրթությունը մեդիագրագիտության ոլորտում լինի վաղ տարիքից, որպեսզի քաղաքացին չտրվի մանիպուլյացիաների: Բացի այդ, կարողանա պաշտպանել անձնական տվյալները, խուսափել կիբերհանցագործություններից և ճիշտ վարել սոցիալական էջը։  

Ներկայումս ﬔդիագրագիտության մասին ավելի շատ են խոսում թե ընդհանուր առմամբ և թե կրթական համակարգում։ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ ﬔդիագրագիտությանն ուղղված նախաձեռնությունները ﬔծամասամբ իրականացվում են քաղաքացիական հասարակության կառույցների կողﬕց՝ ներառյալ դպրոցներում և ավելի քիչ հենց դպրոցների և պետական կառույցների կողﬕց։  

Չնայած ﬔդիագրագիտությունը հանրակրթության պետական նոր չափորոշիչների ութ կարողունակություններից ﬔկն է, ինչպես նաև ուսուցիչների ատեստավորման բաղադրիչ է, նոր ներդրված լինելու պատճառով այն կրթական համակարգում դեռևս ինստիտուցիոնալացված չէ, և ﬔդիագրագիտությանն ուղղված նախաձեռնությունները փորձնական և հատվածային են։ Իսկ այդ առանձին նախաձեռնությունների առկայությունն ու հաջողությունը ﬔծապես կապված են ուսուցիչների ցանկության և նվիրվածության հետ։

Թեմայի հետ կապված՝ Araratnews-ը հարցում ուղարկեց ԿԳՄՍ նախարարություն, հասկանալու՝ արդյոք իրականացվել է ուսումնասիրություն կամ գնահատում մեդիագրագիտության առկայությունն ու մակարդակը հասկանալու համար: Նախարարությունից հայտնեցին, որ առանձին ուսումնասիրություն չի իրականացվել, սակայն ՀՀ վարչապետի որոշմամբ հաստատված է ՀՀ ապատեղեկատվության դեմ պայքարի 2024-2026թթ. հայեցակարգը, որի մշակման շրջանակում, ի թիվս այլնի, վերհանվել են նաև հայաստանյան հանրության շրջանում մեդիագրագիտության խնդիրները, սահմանվել են դրա բարձրացմանն ուղղված նպատակներն ու գործողությունների շրջանակը: Հայեցակարգը և դրանից բխող գործողությունների ծրագիրը ուղարկվել են բարձրագույն կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններին՝ մեդիագրագիտության առկա ռեսուրսների ու ծրագրերի քարտեզագրման, բուհերում մեդիագրագիտության խթանման և բուհերի դասախոսների վերապատրաստման հնարավորությունների դիտարկման առաջարկով:

Դպրոցներում ﬔդիագրագիտության ուսուցանման առումով հաջորդ խնդիրը բովանդակային է։ Փորձագետների ﬔծ մասն ընդգծում է, որ չնայած որոշ դպրոցներում տարբեր առարկաների, ծրագրերի և խմբակների շրջանակում ﬔդիագրագիտությանն առնչվող թեմաներ են քննարկվում, դրանք հաճախ մակերեսային են և խորքային գիտելիքներ չեն ապահովում թեմայի վերաբերյալ։ Մասնավորապես, ելնելով աշակերտների հետ շփուﬕց, նշվում է, որ վերջիններիս շրջանում կա պատկերացում, թե ինչ է ﬔդիագրագիտությունը, սակայն ավելի խորքային գիտելիքն ու պատկերացումը դեռևս թերի է: Սրան զուգահեռ, նախարարությունից հայտնեցին, որ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեում առկա, բարձրագույն ուսումնական հաստատություններից ստացված տեղեկատվության համաձայն՝ 2024թ. վերջի դրությամբ 1 բուհում՝ Երևանի պետական համալսարանում, 2023-2024 ուսումնական տարվա 2-րդ կիսամյակից «Մեդիագրագիտություն» դասընթացը ներդրվել է բակալավրի բոլոր կրթական ծրագրերում՝ որպես կամընտրական դասընթաց, ևս 5 բուհ ներառել է դասընթացը որոշ ֆակուլտետներում կամ որոշ կուրսերում: Օրինակ՝ Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիան 2024-2025 ուսումնական տարում «Մեդիագրագիտությունը» որպես կամընտրական դասընթաց ներառել է 4-րդ կուրսի բոլոր կրթական ծրագրերով սովորող ուսանողների համար: Մյուս բուհերը պատրաստակամություն են հայտնել քննարկելու դասընթացը բոլոր ֆակուլտետների ուսանողների համար որպես կամընտրական առարկա ներդնելու հարցը: Հայաստանյան 5 բուհ, այդ թվում՝ «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամը,  Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը, 2024 թվականի վերջի դրությամբ իրականացրել է կամ իրականացնում է մեդիագրագիտության վերապատրաստման դասընթացներ, որոնց հնարավորություն ունեն մասնակցելու նաև դասախոսները, ևս 17 բուհ պլանավորում է կազմակերպել վերապատրաստման դասընթացների անցկացում:

Խ. Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանն ունի մի շարք գործընկերներ, որոնք հաջողությամբ իրականացնում են դասընթացներ, վերապատրաստումներ տարբեր գործընկեր կազմակերպություններում։ Բուհը դասախոսների վերապատրաստման պորտֆեյլում 2025-2026թթ. նախատեսել է ունենալ նմանատիպ դասընթաց:

Օրինակ՝ Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ինստիտուտում «Սպորտի կառավարման և մարզական լրագրության» ամբիոնի «Լրագրություն» կրթական ծրագիրը պատրաստում է մասնագետների բակալավրի և մագիստրոսական կրթական ծրագրերում, որոնք կարող են դասավանդել «Մեդիագրագիտություն» դասընթացը բոլոր բուհերում:

Նկատենք, որ կարևոր է ոչ միայն աշակերտների շրջանակի մեծացումը, այլ նաև բանիմաց ուսուցիչների առկայությունը, քանի որ փորձագետների ﬕ մասը նշում է, որ տեխնոլոգիաների կամ համացանցի հետ խնդիր ունենալու դեպքում աշակերտները հաճախ չեն վստահում ﬔծահասակներին և օգնություն փնտրում են իրենց հասակակիցների շրջանում։ Ըստ նրանց, ուսուցչի աշխատանքը արդյունավետ կլինի ﬔդիագրագիտության ուսուցման առումով, եթե այն հիﬓվի գործընկերության վրա՝ ﬕասին ծրագիր իրականացնել, ﬕասին սովորել, ﬕասին լուծուﬓեր փնտրել, որն էլ իր հերթին հնարավորություն կտա վստահության մթնոլորտ ձևավորել աշակերտների և ուսուցիչների ﬕջև։ Աշակերտները եթե վստահեն ուսուցիչներին, նրանց կդիﬔն նաև ﬔդիային և թվային տեխնոլոգիաներին առնչվող հարցերի և խնդիրների դեպքում։ Հետազոտությանը մասնակից ուսուցիչները նույնպես նշում են, որ աշակերտները հաճախ իրենցից ավելի լավ են կիրառում տեխնոլոգիաները, և իրենք սովորում են աշակերտներից, և շեշտում են, որ նորը սովորելու հանդեպ բաց լինելը նաև աշակերտներին ավելի է ներգրավում ուսուցման գործընթացում:

Նախարարությունից հավելեցին, որ նախատեսվում է, որ 2025 թվականի վերջին բուհերում ստեղծված կլինեն հնարավորություններ՝ մեդիագրագիտության թեմաներով գիտական աշխատանքների և ուսումնասիրությունների համար (մասնավորապես՝ մանկավարժության, լրագրության, սոցիոլոգիայի և այլ բաժիններում)։ Իսկ արդեն 2026-ի վերջի համար նախատեսվում է, որ «Մեդիագրագիտությունը» կդառնա կամընտրական առարկա հայաստանյան բոլոր պետական բուհերում, ինչպես նաև կտրամադրվեն դրամաշնորհներ բուհական/գիտական նախագծերի համար։

Հայաստանում վերջին տարիներին նկատելիորեն աճում է մեդիագրագիտության նկատմամբ հետաքրքրությունը, հատկապես համայնքային հաստատությունների մակարդակում։ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի նախաձեռնությամբ Դիլիջանում մեկնարկել է նոր կրթական ծրագիր, որին մասնակցում են Հայաստանի տասը մարզերից և Երևանից ժամանած 13 գրադարանավարներ։ Մի քանի օր տևող դասընթացների ընթացքում նրանք ուսումնասիրում են մեդիայի աշխատանքի հիմքերը, փաստերի ստուգման գործիքները, ինչպես նաև արհեստական բանականության կիրառման անվտանգ և քննադատական մոտեցումները։ Դասերն ուղղված են համակարգելու քննադատական մտածողության զարգացումը և տրամադրելու գործնական մեխանիզմներ՝ տեղեկատվական մանիպուլյացիաներից պաշտպանվելու համար։

Ծրագրի ավարտին գրադարանավարները նախատեսում են արդեն իրենք հանդես գալ որպես մեդիագրագիտության դասավանդողներ՝ փոխանցելով իրենց ձեռք բերած գիտելիքներն ու հմտությունները համայնքային գրադարանների աշխատակիցներին ու ընթերցողներին։ Սա կարևոր առաջընթաց է, քանզի հատկապես մարզային բնակավայրերում գրադարանները շարունակում են մնալ տեղեկատվության մատչելիության հիմնական օջախներից մեկը։

Հայաստանում նմանատիպ նախաձեռնությունները համահունչ են այն համաշխարհային միտումներին, որոնք ձևավորվում են առաջատար երկրներում, որտեղ մեդիագրագիտությունը դիտվում է ոչ միայն կրթական, այլև հասարակական և ժողովրդավարական դիմադրողականության կարևոր գործոն։  

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը  և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը 2025 թ․ նոյեմբերի 8–15-ը անցկացրել էին Հայաստանում Մեդիագրագիտության շաբաթ՝ ներառելով երկրի դպրոցները, մանկապարտեզները, բուհերը, գրադարանները, կրթական ու մշակութային կենտրոնները, ինչպես նաև այլ շահագրգիռ կառույցներ։

Մեդիագրագիտության շաբաթը Հայաստանում անցկացվում է ամեն տարի, և 2025-ին այն կայացավ արդեն ութերորդ անգամ՝ «Մեդիագրագիտություն և պատասխանատու թվային քաղաքացիություն» խորագրով։ Շաբաթվա ընթացքում իրականացվել են տարբեր միջոցառումներ, քննարկումներ, վարպետաց դասեր ու կրթական ակտիվություններ, որոնք նպատակ ունեին խորացնել մեդիագրագիտության մշակույթը և խթանել պատասխանատու վարքագիծը թվային միջավայրում։

Մեդիագրագիտության շաբաթի շրջանակում բուհերում անցկացված հանդիպումները առանձնահատուկ տեղ են զբաղեցրել նախաձեռնության ընդհանուր ծրագրում։ Հայկական պետական մանկավարժական համալսարանում (ՀՊՄՀ), ԵՊՀ-ում և Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում ուսանողների հետ կազմակերպվել էին քննարկումներ մեդիա հիգիենայի, կրթական համակարգում տեղեկատվության պատասխանատու օգտագործման, քարոզչության տարածման մեխանիզմների և դրանցից խուսափելու գործնական ուղիների շուրջ։ Հանդիպումները հնարավորություն տվեցին ուսանողներին գնահատելու սեփական մեդիա սպառման սովորությունները, հասկանալու տեղեկատվական «թակարդների» բնույթն ու ձևավորելու պաշտպանական ռազմավարություններ։

Ուսանողների հետ այս աշխատանքը շարունակական բնույթ է կրելու։ Մեդիագրագիտության շաբաթից դուրս էլ պարբերաբար կազմակերպվում են քննարկումներ, գործնական վարպետաց դասեր և հանդիպումներ։ Դրանք ուղղված են երիտասարդներին աջակցելուն, որպեսզի նրանք դառնան մեդիագրագետ, տեղեկացված և պատասխանատու թվային քաղաքացներ՝ հավասարակշռված և քննադատական վերաբերմունքով տեղեկատվական հոսքերի նկատմամբ։

Այսպիսով, Հայաստանի մեդիագրագիտության քաղաքականությունը դեռևս զարգացման փուլում է, սակայն պետական մակարդակում արդեն ձևակերպվել են հստակ տեսլական, ռազմավարություն և քայլեր, որոնք միտված են մեդիագրագիտությունը դարձնել ոչ միայն կրթական, այլ նաև հասարակական կայունություն ապահովող կարևոր հմտություն։

 

Էստոնիայի փորձը

Էստոնիան համարվում է այն երկրներից մեկը, որտեղ մեդիագրագիտությունը ոչ միայն ներառված է կրթական համակարգում, այլ նաև դիտարկվում է որպես պետական ռազմավարության հիմնասյուն։ Մեդիագրագիտությունը երկրի կրթական քաղաքականության մեջ ձևակերպված է որպես քաղաքացիական և թվային առանցքային կարողություն, որը կապված է ժողովրդավարական մասնակցության, տեղեկատվական անվտանգության ու հասարակության դիմադրողականության բարձրացման հետ։ Այն հասկացվում է որպես հմտությունների համակցություն, որը քաղաքացիներին հնարավորություն է տալիս վստահ կողմնորոշվել արագ փոփոխվող տեղեկատվական միջավայրում և դիմակայել ապատեղեկատվությանը։

Էստոնիայի փորձը ուսումնասիրելու նպատակով մենք զրուցեցինք Էստոնիայի սոցիալական և հումանիտար գիտությունների տեղեկատվական ծառայությունների ղեկավար Քրիստինա Կաջուի հետ։ Տարիներ շարունակ ներգրավված լինելով մեդիագրագիտության զարգացման ծրագրերում՝ Կաջուն ներկայացնում է, թե ինչպես է Էստոնիան ձևավորում կրթական և պետական համակարգերի համագործակցային մոդել՝ ապահովելու տեղեկատվական դիմադրողականություն ունեցող հասարակություն։

Կաջուի խոսքով՝ Էստոնիայում մեդիագրագիտության ոլորտի համակարգման հիմնական պատասխանատուները Կրթության և հետազոտությունների նախարարությունն ու Կառավարության գրասենյակն են։ Այս երկու կառույցները իրականացնում են թե՛ ռազմավարական պլանավորում, թե՛ գործնական նախաձեռնությունների համակարգում։ Մոտ ապագայում ոլորտում նախատեսվում է ավելի համակարգված զարգացում․ արդեն մշակվել է մեդիագրագիտության 2024–2026 թվականների ազգային գործողությունների ծրագիրը։  

Գործողությունների ծրագիրը ձևակերպում է մեդիագրագիտությունը որպես ողջ կյանքի ընթացքում կիրառվող, միջհասարակական կարողություն․ այն անհրաժեշտ է անհատին՝ արագ փոփոխվող տեղեկատվական ու տեխնոլոգիական միջավայրում կողմնորոշվելու համար, և նույնքան կարևոր է հասարակության՝ ապատեղեկատվությանը դիմադրելու տեսանկյունից։ Փաստաթուղթը սահմանում է հինգ ռազմավարական ուղղություն՝

  • մեդիագրագիտության ավելի խոր ինտեգրում կրթական համակարգում,
  • որակյալ ուսումնական և կիրառական նյութերի մշակում ու տարածում,
  • համակարգված հետազոտություններ և մշտադիտարկում,
  • հանրային իրազեկման բարձրացում,
  • պետական, մասնավոր և հասարակական կառույցների համագործակցության ընդլայնում։

Ծրագիրը հատուկ ուշադրություն է դարձնում տարբեր սոցիալական խմբերի ներգրավմանը։ Հիմնական թիրախային խմբերն են երեխաներն ու երիտասարդները, բազմալեզու բնակչությունը և տարեց մեծահասակները։ Երկրորդային ուշադրության կենտրոնում են մանկավարժները, ծնողները, գրադարանավարները և համայնքային ակտիվիստները, որոնց դերակատարությունը կարևոր է մեդիագրագիտության տարածման շղթայում։

Գործողությունների ծրագրի իրականացումը համակարգվում է Կառավարության գրասենյակի կողմից՝ Կրթության և հետազոտությունների նախարարության հետ համատեղ։ Ֆինանսավորումն ապահովվում է պետական բյուջեից, ԵՄ աջակցության ծրագրերից, ինչպես նաև տեղական ու միջազգային ՀԿ-ների ներգրավմամբ։ Քրիստինա Կաջուն ընդգծում է, որ նախաձեռնության հիմքում դրված է տեխնոլոգիական արագ փոփոխություններին արձագանքելու անհրաժեշտությունը․ այդ պատճառով էլ ծրագիրը նախատեսում է անընդհատ մոնիթորինգ, թարմացումներ և մեթոդաբանության արդիականացում՝ ապահովելու համար, որ մեդիագրագիտության քաղաքականությունը համապատասխանի ժամանակի պահանջներին։

Էստոնիայի դպրոցական համակարգում մեդիագրագիտությունը ներկայանում է որպես կրթական ծրագրի ամբողջական բաղադրիչ՝ ներառված ազգային ուսումնական պլանում ամենավաղ տարիքից։ Այն չի դասավանդվում մեկ առանձին առարկայի ձևաչափով, այլ ինտեգրված է մի շարք ուսուցողական ուղղություններում՝ մայրենի լեզու, պատմություն, հասարակագիտություն, թվային հմտություններ և այլն։ Այս մոդելը հնարավորություն է տալիս, որպեսզի երեխաները մեդիա միջավայրի ըմբռնումը զարգացնեն փուլային, շարունակական և տարբեր բովանդակություններով հարստացված ձևով։

Ավագ դպրոցներում մեդիագրագիտությունը դիտարկվում է արդեն որպես խորքային ուսումնասիրության ոլորտ։ Այստեղ գործում են մասնավոր դասընթացներ և ընտրովի առարկաներ, որոնք աշակերտներին տալիս են ավելի ընդլայնված և վերլուծական պատկերացում ժամանակակից մեդիա գործընթացների մասին։ Հատուկ կարևորություն ունի պարտադիր «Մեդիա և ազդեցություն» դասընթացը, որը նախատեսված է աշակերտներին սովորեցնելու տարբերակել փաստերն ու մեկնաբանությունները, վերլուծել մեդիա տեքստերը, բացահայտել ազդեցության մեխանիզմները և հասկանալ տեղեկատվության ստեղծման ու շրջանառության լոգիկան։

Դասընթացը ներառում է մեդիա էթիկայի ուսումնասիրություն, խոսքային ու տեսողական ազդեցության հիմնական մեթոդների ճանաչում, ինչպես նաև տարբեր ժանրերի լրագրողական նյութերի քննադատական վերլուծություն։ Ուսանողները սովորում են բացահայտել մանիպուլյացիոն հնարքներ, տարբերել հուսալի տեղեկատվությունը կասկածելի աղբյուրներից և գնահատել մեսիջների ազդեցությունը հասարակական կարծիքի վրա։  

Բացի այդ, դասընթացի կարևոր բաղադրիչը սեփական մեդիա արտադրանքի ստեղծումն է։ Աշակերտները գրում են լրագրողական տեքստեր, պատրաստում տեսական և գործնական նյութեր, աշխատում խմբագրական թիմերում։ Այս մոտեցումը նպաստում է ոչ միայն մեդիա սպառողի, այլ նաև պատասխանատու, ճշգրտություն գնահատող և ստեղծարար մեդիա արտադրողի ձևավորմանը։  

Դպրոցական ծրագրերում ընդգրկված հմտություններն ընդգրկում են քննադատական մտածողություն, աղբյուրների գնահատում, ապատեղեկատվության հայտնաբերում, թվային անվտանգություն, մեդիա ստեղծում, սոցիալական մեդիայի ալգորիթմների ըմբռնում, հեղինակային իրավունքի հիմունքներ և նույնիսկ արհեստական բանականության ու խոր կեղծիքի (deepfake) բացահայտման սկզբունքներ։ Կարևոր է, որ այս ծրագրերը շարունակաբար վերանայվում և թարմացվում են՝ հաշվի առնելով տեխնոլոգիական արագ փոփոխությունները։

Ընդհանուր առմամբ, Էստոնիան մեդիագրագիտությունը դիտարկում է որպես ոչ միայն կրթական նպատակ, այլև պետական անվտանգության և համընդհանուր թվային մշակույթի ապահովման միջոց։ Պետությունը, դպրոցները, փորձագիտական կենտրոններն ու հասարակական կազմակերպությունները գործում են միասնական համակարգով, որի նպատակը տեղեկատվականորեն դիմացկուն հասարակություն ձևավորելն է։  

Քրիստինա Կաջուն ընդգծում է. «Էստոնիան ձևավորել է բազմաշերտ մեդիագրագիտության համակարգ, որտեղ պետությունը, դպրոցները, համալսարանները, գրադարանները և քաղաքացիական հասարակությունը գործում են միասնական ուղղությամբ։ Դպրոցների և ուսուցիչների համար ստեղծվել է լայնածավալ ռեսուրսային հենք։ Ուսուցիչները օգտվում են ինչպես պետականորեն հաստատված ուսումնական ուղեցույցներից, այնպես էլ համալսարանների, ՀԿ-ների և մեդիա փորձագետների մշակած գործիքակազմից։ Էստոնիայի ազգային գրադարանը տրամադրում է թվային խաղեր ու ինտերակտիվ ծրագրեր, որոնցից առանձնանում են «Հաղթահարեք արհեստական բանականությունը» և «Սայթաքելով կեղծ լուրերի վրա» ( “Beat the AI” and “Slipping on fake news”)  ուսումնական հարթակները։ Դպրոցներն այս ամենից ընտրում են այն նյութերը, որոնք լավագույնս համապատասխանում են իրենց ուսումնական միջավայրին։ «Մեդիա և ազդեցություն» (Media and influencing) դասագրքի առկայությունը ևս ապահովում է միասնական շեշտադրումներ ամբողջ երկրի մակարդակով»։  

Կաջունի խոսքերով՝ մեդիագրագիտությունը ամրապնդվում է նաև համալսարանների կողմից։ Տարտուի և Տալլինի համալսարանները առաջարկում են լրագրության, հաղորդակցության, մեդիա ուսումնասիրման, կրթական տեխնոլոգիաների և թվային մանկավարժության խորացված ծրագրեր։ Թվային իրավունքի, արհեստական բանականության և տվյալագիտության առարկաներն էլ ընդգրկում են մեդիա վերլուծության և տեղեկատվական անվտանգության տարրեր։ Բացի կրթական գործառույթից, համալսարաններն ակտիվորեն ներգրավված են պետական ռազմավարությունների մշակման մեջ՝ տրամադրելով հետազոտական եզրակացություններ և փորձագիտական գնահատումներ։  

Ուսուցիչների վերապատրաստումն այստեղ առանձնահատուկ կարևորություն ունի։ Էստոնիայի կրթական համակարգում գործարկվում է ուսուցիչների մշտական մասնագիտական զարգացման մոդել, որտեղ մեդիագրագիտությունը ներկայացված է ինչպես համալսարանական ծրագրերում, այնպես էլ կարճաժամկետ դասընթացներում, սեմինարներում, վեբինարներում և նախագծային ուսուցման ձևաչափերում։ Ամեն տարի կազմակերպվում են մի քանի ազգային կոնֆերանսներ, իսկ ազգային գրադարանը հանդես է գալիս որպես կարևոր կենտրոն, որը կազմակերպում է մեդիա և տեղեկատվական գրագիտության վերաբերյալ իրադարձություններ ամբողջ երկրի գրադարանների մասնակցությամբ։ Նրանք կազմակերպում են բաց դասեր, սեմինարներ և գործնական սեսիաներ․ սովորեցնում են աղբյուրների գնահատում, տեղեկատվության որոնում, առցանց խարդախություններից խուսափելու մեթոդներ։ Բազմաթիվ գրադարաններ իրականացնում են հատուկ ծրագրեր տարեցների և տեխնոլոգիապես խոցելի խմբերի համար՝ օգնելով նրանց կողմնորոշվել տեղեկատվության առցանց հոսքերում։  

Թեև գրադարանները հիմնականում գործում են անկախ, նրանք պարբերաբար համագործակցում են Կառավարության գրասենյակի և Կրթության ու Մշակույթի նախարարությունների հետ։ Ազգային գրադարանը համարվում է մեդիագրագիտության զարգացման առանցքային գործընկեր՝ համատեղ կազմակերպելով համաժողովներ և հանրային միջոցառումներ։  

Ֆորմալ կրթությունից դուրս մեդիագրագիտության զարգացումը խրախուսվում է ՀԿ-ների, գրադարանների, հանրային լրատվամիջոցների, երիտասարդական կենտրոնների և տեղական նախաձեռնությունների կողմից։ ՀԿ-ներն ակտիվորեն իրականացնում են ուսուցիչների վերապատրաստումներ, դասընթացներ երիտասարդների համար, ինչպես նաև հանրային արշավներ։ Գրադարանները կազմակերպում են սեմինարներ աղբյուրների գնահատման, տեղեկատվություն որոնելու և թվային անվտանգության թեմաներով։ Հանրային հեռարձակողը (ERR) ստեղծում է կրթական բովանդակություն, իսկ տարբեր համայնքային նախաձեռնություններ մատչելի են դարձնում փաստերի ստուգման գործիքներ ու մեթոդներ։

Էստոնիայում հանրությանը հասանելի են նաև մի շարք գործիքներ կեղծ տեղեկատվությունը բացահայտելու համար։ Օրինակ, Propastop հարթակը՝ հիմնված կամավորների աշխատանքի վրա և կապված Պաշտպանության լիգայի հետ, վերահսկում է ապատեղեկատվությունը, հատկապես անվտանգության ոլորտում։ Գրադարանները և ՀԿ-ները բնակչությանը սովորեցնում են օգտագործել փաստերի ստուգման տեխնոլոգիական գործիքներ՝ պատկերի հետադարձ որոնում, տեսանյութերի վավերացում, աղբյուրի գնահատում և այլ մեթոդներ։  

Էստոնիան նաև ակտիվորեն համագործակցում է միջազգային կազմակերպությունների հետ։ Երկիրը ներգրավված է ԵՄ մեդիա գրագիտության տարբեր նախաձեռնություններում (EDMO), նշում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մեդիագրագիտության շաբաթը և մասնակցում է տարածաշրջանային, այդ թվում՝ Բալթյան երկրների ընդհանուր ծրագրերին։ Այս բազմաշերտ համագործակցությունը նպաստում է միջազգային փորձի  ներմուծմանը և ազգային մակարդակով մեդիագրագիտության շարունակական բարձրացմանը։  

Էստոնիան վերջին տարիներին հատուկ ուշադրություն է դարձնում այն տեխնոլոգիական փոփոխություններին, որոնք ազդում են տեղեկատվական միջավայրի վրա` արհեստական բանականություն, ֆեյքեր, սոցիալական մեդիայի ալգորիթմներ։ Պետական քաղաքականության նոր քայլերը կրթական ծրագրերում ընդգրկել են ալգորիթմական գրագիտություն, մանիպուլացվող մեդիայի ճանաչում և ԱԲ-ի (AI) ազդեցության գնահատում։ Այս թեմաները ներառված են ոչ միայն դպրոցական ծրագրերում, այլ նաև ուսուցիչների վերապատրաստման մեջ։ Կրթության նախարարության «AI Leap» նախաձեռնությունը խթանում է արհեստական բանականության հնարավորությունների և ռիսկերի վերաբերյալ հանրային ու դպրոցական իրազեկումը՝ միաժամանակ ընդգծելով, որ մեդիա և ԱԲ գրագիտությունը պետք է ձևավորեն միասնական հմտությունների շրջանակ։

Այս ուղղությամբ իրականացվող քաղաքականությունը ձգտում է մեդիագրագիտությունը ինտեգրել ավելի լայն թվային և քաղաքացիական գիտելիքների հետ՝ ընդգծելով թվային իրավունքները, տվյալների պաշտպանությունը, ալգորիթմների ազդեցությունը և արհեստական բանականության մասնակցությունը տեղեկատվական հոսքերին։ Այս մոտեցումը հնարավորություն է տալիս սովորողներին հասկանալ ոչ միայն բովանդակության բնույթը, այլ նաև այն՝ ինչպես է այդ բովանդակությունը ստեղծվում, փոխակերպվում և տարածվում թվային միջավայրում։  

Չնայած այն հանգամանքին, որ ամբողջ բնակչության մեդիագրագիտության վերաբերյալ համապարփակ, անկախ ազգային հետազոտություն ներկայում դեռ չկա, մի շարք ուսումնասիրություններ՝ օրինակ Էստոնիայի ինտեգրման մոնիթորինգը, ներառում են մեդիա սպառման և տեղեկատվական սովորույթների վերաբերյալ տվյալներ։ Դրանք թույլ են տալիս գնահատել բնակչության վերաբերմունքը տեղեկատվության աղբյուրների, վստահության մակարդակների և մեդիայի օգտագործման մշակույթի նկատմամբ։

 

Էստոնիայի փորձը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ մեդիագրագիտության հաջող զարգացումը պահանջում է համակարգված պետական քաղաքականություն, ուժեղ ինստիտուցիոնալ աջակցություն և տեխնոլոգիական հասուն միջավայր։ Երկրում ներդրված թվային էկոհամակարգը, էլեկտրոնային կառավարումն ու նորարարական կրթական մոդելները հնարավորություն են տվել դպրոցներին ապահովել ոչ միայն տեսական, այլև գործնական հմտությունների ձևավորում՝ սկսած փաստերի ստուգման վարժություններից մինչև մեդիա արտադրություն և սիմուլյացիաներ։ Միևնույն ժամանակ, Էստոնիան շարունակում է բախվել այն խնդիրներին, որոնք բնորոշ են շատ երկրների․ ուսուցիչների կարողությունների կայուն զարգացում, ռեսուրսների արդյունավետ օգտագործում և մեդիագրագիտության հմտությունների պարբերական, չափելի գնահատում։

Հայաստանում մեդիագրագիտության զարգացումը շարժվում է նույն ուղղությամբ, թեև այլ կառույցների ներգրավմամբ։ Մասնավորապես՝ համայնքային գրադարանների, բուհերի, դպրոցների և երիտասարդական կազմակերպությունների հետ իրականացվող ծրագրերը ցույց են տալիս, որ երկիրը աստիճանաբար ձևավորում է մեդիագրագիտության սեփական էկոհամակարգը։ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի, ԿԳՄՍՆ-ի, կրթական հաստատությունների և միջազգային գործընկերների համատեղ աշխատանքը նպաստում է այն բանին, որ մեդիագրագիտությունը դառնում է ոչ միայն կրթական թեմա, այլև հասարակական կարևոր հմտություն։

Եթե Էստոնիան ապավինում է վերևից ներքև կառուցված համակարգված քաղաքականությանը, ապա Հայաստանում շեշտադրումն այսօր ավելի շատ տեղայնացված նախաձեռնությունների, համայնքային մասնակցության և ոչ պետական կառույցների դերի վրա է։ Սակայն երկու օրինակներն էլ ցույց են տալիս մի կարևոր միտում․ տեղեկատվական անվտանգության, ժողովրդավարական դիմադրողականության և քաղաքացիական ակտիվության համար մեդիագրագիտությունը դարձել է պարտադիր հմտություն՝ անկախ երկրի չափից, տեխնոլոգիական հնարավորություններից կամ կրթական համակարգի կառուցվածքից։

Այս համադրությունը ցույց է տալիս, որ թե՛ Հայաստանում, թե՛ Էստոնիայում մեդիագրագիտության զարգացումը կառուցվում է նույն հիմնարար համոզման շուրջ՝ քննադատական մտածողությունը, պատասխանատու մեդիա սպառումն ու տեղեկացված որոշումներ կայացնելու կարողությունը ոչ միայն կրթական, այլև ազգային անվտանգության հարց են։  

Չնայած Հայաստանն ու Էստոնիան գտնվում են մեդիագրագիտության զարգացման տարբեր փուլերում, երկու երկրներում էլ նկատվում է ընդհանուր միտում՝ մեդիագրագիտությունը դիտարկել որպես ազգային անվտանգության և ժողովրդավարական կայունության կարևոր գործիք։ Էստոնիայի փորձը ցույց է տալիս, որ համակարգված, շարունակական և ինտեգրված մոտեցումը կարող է ստեղծել բարձր դիմադրողականությամբ հասարակություն։ Հայաստանը, իր հերթին, սկսել է նույն ճանապարհը՝ պետական ռազմավարության ձևավորմամբ և բուհական կրթական համակարգի քայլ առ քայլ վերափոխմամբ։

Սիլվի Պետրոսյան

 

 

 

1324