Ռուսաստանի Պաշտպանության նախարարության Միջազգային հակաականային կենտրոնի մասնագետները շարունակում են Արցախի (Լեռնային Ղարաբաղի) տարածքի ականազերծման աշխատանքները:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՌԴ պաշտպանության նախարարությունը, գործողության ընթացքում Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումների կողմից ականազերծվել է ավելի քան 400 հեկտար տարածք, շուրջ 151 կիլոմետր ճանապարհ, 617 շինություն, որից 22-ը սոցիալական նշանակալի օբյեկտներ են: Հայտնաբերվել եւ վնասազերծվել է ավելի քան 16 հազար պայթուցիկ առարկա։

Լեռնային Ղարաբաղում պայթունավտանգ առարկաներից տարածքի ականազերծման եւ մաքրման ընթացքում ռուս խաղաղապահները կիրառում են ժամանակակից ռոբոտատեխնիկական համալիրներ, որոնք թույլ են տալիս պահպանել ականազերծման բարձր տեմպը լեռնային տեղանքի եւ եղանակի վատթարացման պայմաններում:

Հայտնաբերված պայթյունավտանգ առարկաները եւ չաշխատող զինամթերքը դուրս են բերվում եւ ոչնչացվում հատուկ սարքավորված զինափորձարանում: Զինամթերքը, որը հնարավոր չէ տարհանել, ոչնչացվում է տեղում ՝ անվտանգության բոլոր անհրաժեշտ միջոցների ապահովմամբ։

243