Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Կամավոր ատեստավորված ուսուցիչների խրախուսման նպատակով Կառավարությունն ամփոփում է 2025 թվականի ֆինանսական ծրագրավորումը։ Դեկտեմբերի 4-ի Կառավարության նիստում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը տեղեկացրեց, որ հաջորդ տարում այս նպատակով նախապես նախատեսված է եղել 8 մլրդ 673 մլն 771 հազար 400 դրամ, սակայն անհրաժեշտ է ավելացնել ֆինանսավորումը ևս շուրջ 2.16 մլրդ դրամով։
Նախարարի խոսքով՝ լրացուցիչ գումարի հատկացումը պայմանավորված է ուսուցիչների աճող մասնակցությամբ և համակարգի ընդլայնմամբ։ «Այսպիսով, միայն կամավոր ատեստավորման համակարգին 2025 թվականին ընդհանուր առմամբ կուղղվի ավելի քան 10 միլիարդ դրամ»,- ընդգծեց նա՝ ներկայացնելով համապատասխան որոշման նախագիծը։
«2018 թվականից ի վեր ուսուցիչների ֆոնդն էլ զգալիորեն աճել է 2025 թվականի նկատմամբ, և միայն ուսուցիչների վարձատրության ֆոնդը 37 մլրդ դրամով աճ է գրանցել 2018-ի համեմատությամբ, ինչը նշանակում է, որ 67 տոկոս աճ ունենք 2018-ի նկատմամբ: Միայն կամավոր ատեստավորման համակարգը 10 մլրդ դրամ հատկացում է ստանում այս տարի:
Իսկ 2026 թվականի պետբյուջեով արդեն միայն ուսուցիչների խրախուսման ծրագրերին, այսինքն՝ ուսուցիչների աշխատավարձը սրա վրա հաշվարկված չէ, ավելի քան 20 մլրդ դրամ է հատկացվելու, և 2024 թվականի համեմատությամբ կրկնակի ավելի է այն բյուջեն, որն ուղղում ենք ուսուցիչների խրախուսման ծրագրերին»,- ասաց նա:
Նախարարը միաժամանակ ընդգծեց, որ այսօր արդեն 700 հազար դրամ ստացող ուսուցիչները մեր իրականության մաս են:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձանագրեց. «Ատեստավորումը և դրա արդյունքները բերելու են լրացուցիչ տնտեսական զարգացման, ինչն էլ իր հետ բերելու է լրացուցիչ ֆինանսական հարկային եկամուտներ: Բացառված է, որ չլինի այդպես»: