Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Կառավարության նիստում այսօր քննարկվել է համայնքների ենթակառուցվածքների զարգացմանը նպաստող սուբվենցիոն ծրագրերի ֆինանսավորման ընթացքը։ Նախագծով առաջարկվում է ՀՀ մարզպետների աշխատակազմերին հատկացնել 2 միլիարդ 828 միլիոն 277 հազար դրամ, որը կօգտագործվի համապատասխան շինարարական կազմակերպությունների նկատմամբ ֆինանսական պարտավորությունները կատարելու համար։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը նշեց, որ այս տարի նախարարությունը փորձում է բարելավել նախորդ տարվա ցուցանիշները և շարժվում է այդ ուղղությամբ՝ ընդգծելով, որ տարեվերջին շինարարներին պարտք չի մնա։
Նիստի ընթացքում վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը բարձրացրեց շինարարական ոլորտում աշխատավարձերի ուշացման վերաբերյալ շրջանառվող բողոքների թեման։ Նրա խոսքով՝ բազմաթիվ դեպքերում տնտեսվարողները աշխատողներին ներկայացնում են, թե պետությունն է ուշացնում վճարումները, մինչդեռ իրականում խնդիրը այլ տեղում է։
«Երբեմն բողոքներ ենք ստանում, որ աշխատողներին չեն վճարում։ Շատ դեպքերում, երբ գնում ենք ու ուսումնասիրում ենք իրավիճակը, պարզվում է, որ տնտեսվարողները պատշաճ չեն հանձնել աշխատանքը, որպեսզի ստանան գումարը պետությունից, կամ ստացած գումարներն են տեղափոխել իրենց այլ նախագծերի վրա։ Հետո տարածում են, թե պետությունը վճարումը չի անում։ Մենք բազմիցս ասել ենք՝ պետությունն ունի բավարար միջոցներ։ Պարտքեր չենք կուտակում։ Պարզապես տնտեսվարողները չեն կատարում անհրաժեշտ ընթացակարգերը կամ չեն ուղղում ստացած գումարները աշխատավարձերին»,– ասաց նա։
Հարությունյանը կարևորեց նաև տեղերում կոմունիկացիայի ճիշտ կազմակերպումը՝ հատկապես աշխատողների հետ, որպեսզի նրանք տեղեկացված լինեն իրական պատճառների մասին, և չլինեն շահարկումների զոհ։
ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը ևս հաստատեց այս դիտարկումները՝ նշելով, որ համայնքներն ու նախարարությունը պատշաճ կերպով կատարում են իրենց պարտականությունները.
«Այն բոլոր դեպքերում, երբ շինարարական կազմակերպությունները ներկայացրել են հստակ ծավալներով կատարողականներ, համայնքները դրանք ուսումնասիրել են, ուղարկել մարզպետարան, իսկ մարզպետարանի աշխատակազմը տեղում ուսումնասիրություն է իրականացրել։ Այնուհետև ամբողջ փաթեթը փոխանցվել է նախարարություն՝ նախագծի պատրաստման համար։ Պարոն Հարությունյանի հետ լիովին համաձայն եմ․ կարևոր է, որ շինարարական ընկերությունների աշխատակիցներն էլ իմանան՝ մեզ ներկայացված բոլոր կատարողականների ֆինանսավորումը դեկտեմբերի 18-ի դրությամբ իրականացված կլինի, և այդպիսով մենք ամբողջությամբ կամփոփենք 2025 թվականի կատարողականը»,– ընդգծեց նախարարը։