Ձեզ մոտ ինչ-որ բա՞ն է փոխվել, միակ նորմալ կազմակերպողը խողովակների փոխարինման ձեր կազմակերպությունն էր, նման խնդիր չէր լինում:  Այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստին ասաց Երևանի  քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը՝ դիմելով «Վեոլիա ջուր» ընկերության ներկայացուցչին:

«Ասենք, Կիևյան-Օրբելի խաչմերուկից ավազը բերված լցված է, վրան ոչ մի ծածկ չկա, նշանները գետնին տապալված են, քամին էլ տալիս է այս ու այն կողմ տանում»,- ասաց քաղաքապետը և նշեց, որ չգիտի, թե  երբվանից է այդ վիճակը, և ենթադրում է, որ ուրբաթ երեկոյան են բերել ու թողել: Նա նկատեց, որ նույն բանն էլ շինարարների փողոցում է:

Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը այս հարցի վերաբերյալ պարզաբանում արեց: «Ձեր ասած տեղը Կիևյան 7 հասցեն է: Իրենց պարտադիր կապիտալ ծախսերով աշխատանք են կատարում: Առաջին նախազգուշացումն արել եմ մեկ շաբաթ առաջ, այստեղ խնդիրն այլ է, կխնդրեի շատ հստակ ձևակերպենք պատասխանատվությունը: 12 վարչական շրջանի ղեկավար ունեն ստորագրած պայմանագիր «Վեոլիա ջրի», ՀԷՑ-ի, «Գազպրոմի» և կապի հետ»,- ասաց նա և նշեց, որ պայմանագիրը վերաբերում է վթարավերականգնողական անհետաձգելի աշխատանքներին և երկկողմանի պարտավարություններին։

«Պայմանագրում հստակ գրված են բոլոր պայմանները, տեխնիկական առաջադրանքի բոլոր պահանջները, այդ թվում՝ շինհրապարակի կահավորումը: Խնդրում եմ ձեր հանձնարարականը՝ վարչական շրջանների ղեկավարները 180 աստիճան պտտվեն և կատարեն իրենց պրտականությունը այս պայմանագրի վերահսկողության նկատմամբ»,- ասաց Կամո Արեյանը՝ դիմելով քաղաքապետին: Նա նշեց, որ պայմանագրի չկատարման վարչական պատասխանատվությունը կրում է կատարողը, իսկ վարչական տուգանք նշանակելու իրավունքը տրված է վարչական շրջանի ղեկավարին:

«Խնդրեք, որ բոլորը վերանայեն իրենց մոտեցումները և հստակ կատարեն իրենց պարտականությունները, վերջին աստիճանի պատժելի վերահսկողություն սահմանեն մատակարար կազմակերպությունների նկատմամբ: Բոլոր մատակարարներն ունեն այս խնդիրը: Շատ դեպքերում դրանց շինարարները լկտիացել են արդեն»,- ասաց նա և կոչ արեց  կոմունալ վարչությունը վերանայի իր վերաբերմունքը:

«Բոլոր շինարարներն ուղղակի անխնա լկտի վերաբերմունք են ցուցաբերում համայնքային սեփականության հանդեպ, վերականգնման որակը պետք է գա իր տեղը և առաջին օղակը, որ պետք է անի այս վերահսկողությունը, վարչական համայնքի ղեկավարն է»:

Երևանի քաղաքապետը հրահանգներ տվեց, կոչ արեց հետևողական լինել և բարձրացրեց նաև Սարյան փողոցի մաքրության հարցը: Նա հանձնարարեց զբաղվել մայթի մաքրությամբ և այդ առնչությամբ աշախտել տնտեսվարողների հետ:

2092