Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
2026 թվականի նոյեմբերի 26-27-ը Հայաստանի Հանրապետության Դիլիջան քաղաքում, «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակներում, տեղի ունեցավ երկկողմ կլոր սեղան-քննարկում, որին մասնակցում էին Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչներ։ Այդ մասին հայտնում են «Հայկական խորհուրդ» ՀԿ-ից:
«Հանդիպումը համախմբել էր երկու երկրների հասարակական կազմակերպությունների, լրատվամիջոցների և վերլուծական/փորձագիտական շրջանակների շուրջ 60 ներկայացուցչի․ սա «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հինգերորդ հանդիպումն էր։
Երկօրյա միջոցառման ընթացքում տեղի ունեցան մի շարք հանդիպումներ և քննարկումներ։ Մասնակիցներն անդրադարձան 2025 թ. օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած գագաթնաժողովի ընթացքում հաստատված խաղաղության օրակարգին, հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացի ամրապնդմանն ու ինստիտուցիոնալացման հնարավորություններին, ինչպես նաև երկու հասարակությունների միջև փոխվստահության ամրապնդմանն ուղղված հնարավոր միջոցներին։
Ներկաները մտքեր փոխանակեցին Հարավային Կովկասում կայուն տնտեսական համագործակցության, առևտրային և հաղորդակցական ուղիների ձևավորման հնարավորությունների և մարդասիրական հարցերի շուրջ։ Օրակարգում էին նաև երիտասարդության հետ աշխատանքը, կրթությունն ու երկու երկրների քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչների միջև ուղիղ և երկարաժամկետ կապերի հաստատումը։
«Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հինգերորդ կլոր սեղանի մասնակիցների հետ հանդիպեցին ՀՀ ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանը և ՀՀ ԱԳՄԱ փոխնախարար Վահան Կոստանյանը։ Հանդիպման ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան հարցեր ուղղել վերջիններիս, տեղի ունեցավ մտքերի և տեսակետների փոխանակում։
Հանդիպման շրջանակներում աշխատանք տարվեց նաև հանձնաժողովների ձևաչափով։ Առանձին հանձնաժողովներում մասնակիցները քննարկեցին համապատասխան ոլորտներում առկա մարտահրավերներն ու համագործակցության հետագա հնարավորությունները։
Հանձնաժողովներն են.
-
տնտեսական հարցեր և ենթակառուցվածքներ.
-
հումանիտար և հասարակական հարցեր.
-
բնապահպանական հարցեր.
-
մեդիա.
-
կրթական հարցեր, հանրային պատումներ, երիտասարդության հետ աշխատանք.
-
քաղաքական և աշխարհաքաղաքական հարցեր:
Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչների այս հանդիպումը ևս մեկ քայլ էր երկու հասարակությունների միջև ուղիղ երկխոսության, փոխվստահության և երկարաժամկետ համագործակցության ամրապնդման ուղղությամբ՝ վերահաստատելով խաղաղության օրակարգի շուրջ կառուցողական երկխոսությունը շարունակելու անհրաժեշտությունը։
«Խաղաղության կամուրջ» նախաձեռնության աշխատանքները կշարունակվեն՝ նպաստելու հետագա համագործակցության ամրապնդմանը»,- նշված է հաղորդագրությունում։