Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Նոյեմբերի 22-ին՝ ժամը 13-ի սահմաններում, Նոր Խարբերդ գյուղի 9-րդ փողոցում ծառայություն իրականացնելիս Արարատի մարզի պարեկները մոտեցել են կայանված երկու մեքենայի, որոնցում գտնվող երիտասարդներն իրենց նկատելով դրսևորել են կասկածելի վարք։
Պարեկների հարցին՝ ունե՞ն արդյոք կասկածելի իր կամ առարկա, երիտասարդներից մեկը հայտնել է, որ իր մոտ կա թմրանյութ։
Թմրանյութ ապօրինի պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով երեք երիտասարդները ձերբակալվել և երկու ավտոմեքենայով հանդերձ տեղափոխվել են Համայնքային ոստիկանության Մասիսի բաժին։ Մեքենաները կնիքվել են պահպանվող հատուկ տարածքում։
Նոր Խարբերդի բնակիչ 32-ամյա երիտասարդի խուզարկությամբ հայտնաբերվել է կպչուն ժապավենով 9 փաթեթ, որոնցից 8-ում, ըստ իրեն, կրիստալ է, իսկ մեկում՝ մարիխուանա։
Մասիսի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ «Հոնգչի» մակնիշի մեքենայի սրահում հայտնաբերվել է թմրանյութով 115 փաթեթ։
Նախաքննությունը շարունակվում է։