Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի համոզմամբ՝ «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը կիրականացվի նախատեսված ժամկետում։
Անցած տարվա արդյունքների ամփոփման վերաբերյալ մամուլի ասուլիսին Ժաննա Անդրեասյանը նշեց, որ նման վստահության հիմք են տալիս դպրոցների ու մանկապարտեզների շինարարության ուղղությամբ իրականացված աշխատանքների ցուցանիշները։
«Նախորդ տարվա համեմատ ունենք 123 տոկոսով ավելի բարձր կատարողական ցուցանիշ, ինչը ցույց է տալիս, որ մենք, իսկապես, շատ ավելի մեծ տեմպով ու որակյալ աշխատանք ենք կատարում, և կառավարության ծրագրի ևս մեկ կարևոր թիրախ՝ 300 դպրոցներն ու 500 մանկապարտեզները, ժամանակին իրացված են լինելու»,-ասաց նախարարը։
Նրա խոսքով՝ 2025 թվականին ծրագրի կատարողականը կազմել է 121 մլրդ դրամ, նախորդ տարվա 53 միլիարդ դրամի փոխարեն։
Ըստ այդմ՝ ներկայում արդեն ավարտվել են ավելի քան 100 դպրոցների ու 280 մանկապարտեզներին շինարարական աշխատանքները։
Անդրեասյանը ընդգծեց, որ առաջիկա ծրագրերի կարևոր ուղղություններից կլինի նաև մսուր-մանկապարտեզների զարգացումը։
Նրա տեղեկատվությամբ՝ արդեն մեկնարկած տարվանից կգործի 6 ամսական երեխաների համար նախատեսված նախադպրոցական ծառայություն։
Բացի այդ՝ Երևանում այժմ գործում են վաղ մանկական տարիքային խմբերի համար նախատեսված մանկապարտեզներ։ Առաջիկայում համանման նախադպրոցական հաստատություններ կբացվեն Հրազդանում, Վանաձորում և Գյումրիում: