Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Վերջին 5–6 տարիների ընթացքում պետական պաշտոնյաների աշխատավարձերը հիմնականում չեն փոփոխվել։ Այս հարցի շուրջ քննարկումներ եղել են նաև 1–2 տարի առաջ, քանի որ ակնհայտ է՝ առկա աշխատավարձերի մակարդակը խնդիրներ է ստեղծում որակյալ մասնագետների ներգրավման հարցում։ Մասնավորապես, մասնավոր հատվածում բարձր վարձատրվող և մեծ հաջողություններ ունեցող մասնագետների համար պետական համակարգում աշխատելը հաճախ գրավիչ չէ, և պատճառներից մեկը հենց աշխատավարձերի ցածր մակարդակն է։ Այդ մասին ասուլիսի ժամանակ ասաց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:
Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ասուլիսի ընթացքում նշել է, որ քաղաքական և հանրային գործունեությամբ զբաղվող անձինք հաճախ ավելի խոցելի են, քան մասնավոր հատվածում աշխատողները, և այդ հանգամանքը ևս պետք է հաշվի առնվի աշխատավարձերի ձևավորման ժամանակ։ Նրա խոսքով՝ որոշ դեպքերում հանրային ծառայությունը պետք է ավելի բարձր վարձատրվի՝ հաշվի առնելով պատասխանատվության և ռիսկերի մակարդակը։
Քննարկումների արդյունքում անցած տարվա սկզբին ներդրվել է պիլոտային ծրագիր, որի շրջանակում տարբեր գերատեսչությունների համար սահմանվել են թիրախային նպատակներ։ Տարվա կեսին իրականացվել է գնահատման գործընթաց՝ պարզելու համար, թե որքանով են այդ նպատակները կատարվել։ Նախարարի խոսքով՝ թիրախները տարբեր են եղել յուրաքանչյուր գերատեսչության համար։
Գնահատման արդյունքների հիման վրա իրականացված վճարումները, նախարարի պարզաբանմամբ, պարգևավճար չեն։ «Սա ըստ էության աշխատավարձի բարձրացում է՝ պարզապես իրականացված մի փոքր այլ մեխանիզմով»,– ընդգծել է Վահե Հովհաննիսյանը։