Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Շինարարության գնագոյացում
Կառավարության որոշմամբ ընդունվել է շինարարության ոլորտում գնագոյացման նոր քաղաքականություն՝ խորհրդային տարիներից գործող մեթոդաբանության փոխարեն։ Քաղաքաշինական օբյեկտի նախահաշվային իրական արժեքը որոշվելու է ընթացիկ գների հաշվառմամբ։ Վերացել է նախագծային փաստաթղթերի շրջանակներում նախահաշիվների կազմման պարտադիր պայմանը։ Շինարարական աշխատանքների գնահատումը և բյուջետային կանխատեսումներն իրականացվելու են խոշորացված ծախսերի միավոր արժեքների և անալոգային օբյեկտների տվյալների կիրառմամբ, նախագծային փաստաթղթերում ներառվելու են մանրամասն տեխնիկական մասնագրեր։ Այդպիսով մրցույթի մասնակիցները կկարողանան ներկայացնել իրական առաջարկներ, իսկ պատվիրատուների համար ծրագրերը կդառնան ավելի վերահսկելի։
Հարդարման աշխատանքներ (white box)
Բնակարան ձեռքբերողների շահերի պաշտպանությունից ելնելով՝ սահմանվել է բազմաբնակարան շենքերում ներքին հարդարման նվազագույն չափորոշիչների ապահովման պարտադիր պահանջ։ «Եթե մինչ այժմ կառուցապատողն էր որոշում՝ ինչ վիճակով բնակարանը հանձնել գնորդին, ապա այսուհետ կգործի միասնական մոտեցում, այլապես ավարտական ակտ չի տրամադրվի։ Դա կկանխի նաև փոշի առաջացնող աշխատանքների կատարումը շենքը շահագործման հանձնելուց և տարբեր ժամանակներում բնակեցվելուց հետո»,-ընդգծել է Եղիազար Վարդանյանը՝ տեղեկացնելով, որ առաջիկայում կհաստատվի նաև ներքին հարդարման նվազագույն աշխատանքների ցանկը։
Քաղաքաշինական գործընթացների կանոնակարգում
Հանրապետության գրեթե ողջ տարածքն ապահովված է տարածական պլանավորման փաստաթղթերով: Բոլոր մարզերի 971 բնակավայրեր արդեն ունեն հաստատված գլխավոր հատակագծեր և գոտևորման նախագծեր։ Լրամշակման փուլում են միայն Արարատի մարզում մեկ բնակավայրի և Սյունիքի մարզում 3 միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերը։
2026-ի առաջնահերթություններով նախատեսվում է աջակցել համայնքներին՝ ՀՀ Կառավարության օժանդակությամբ ունենալու գոտևորման փաստաթղթեր 15 000 և ավելի բնակչությամբ բնակավայրերի ամբողջ տարածքի համար, քանի որ ոլորտը կարգավորող օրենսդրությամբ միկրոռեգիոնալ մակարդակի տարածական պլանավորման փաստաթղթերում դրանք մշակվում են միայն տարածքի մի մասի համար։
Երկրի մակարդակն ընդգրկող տարաբնակեցման գլխավոր նախագծի առաջադրանքը հաստատվել է Կառավարության որոշմամբ։ Բուն նախագծի մշակումը ներառվել է 2026թ. պետական բյուջեի առաջնահերթությունների ցանկում։
Կոմիտեի համակարգմամբ մշակվել է «Հարսնաքար» հանգստի գոտուց մինչև Սևանի թերակղզի հատվածի՝ շուրջ 2․8 կմ երկարությամբ և 6․5 մ լայնությամբ ճեմուղու նախագծման մշակման աշխատանքների նախագիծը, որի իրականացումը նախատեսված է 2026 թվականին։
Քաղաքաշինական ընթացակարգերի պարզեցում, հստակեցում
Ներդրվել է պարզեցված ընթացակարգ մինչև 300մ2 մակերեսով անհատական բնակելի տների կառուցման դեպքում, ինչը լրացուցիչ խթան կլինի հատկապես մարզերում շինարարության ակտիվացման համար։ Ընդ որում, հնարավորություն է ստեղծվում թվային հարթակում ինքնաշխատ ձևավորել ճարտարապետահատակագծային առաջադրանքը, շինարարության թույլտվությունը և վերջում՝ ավարտական ակտը։ Ավելի պարզ պահանջներ են սահմանվել նաև նախագծման և շինարարության փուլերում։
Նախատեսվում է բազմամասնաշենք համալիրների դեպքում ավարտական ակտի ստացման և շահագործման հնարավորություն ստեղծել փուլային եղանակով՝ մասնաշենք առ մասնաշենք։
Առավել անվտանգ և ապահով քաղաքաշինական գործունեության նկատառումով նախատեսվում են դրույթներ, որոնց համաձայն՝ ՃՀԱ-ի տրամադրումից հետո՝ նախքան շինարարության թույլտվությունը, շինարարական նորմերի փոփոխության դեպքում մշակված նախագծային փաթեթը համապատասխանեցվի նոր նորմերին։ Իսկ հատուկ տեխնիկական պայմաններ ենթադրող նախագծերը հաստատվեն մասնագիտացված խորհրդի կողմից։
Սահմանվել են նախագծերի քաղաքաշինական պետական համալիր փորձաքննության սեղմ ժամկետներ։ Հստակեցվել է դիտողությունների ներկայացման ձևաչափը՝ բացառելով ոչ հիմնավոր, կամայական դիրքորոշում տալու հնարավորությունը։ Հստակեցվել են կրկնակի համալիր փորձաքննության ներկայացնելու պարտադիր դեպքերը։
Պարզեցվել և հստակեցվել են հաստատված գլխավոր հատակագծերում առանձին հողամասերի նպատակային նշանակությունների փոփոխությունների փաթեթի կազմին ու բովանադակությանը ներկայացվող պահանջներն ու գերատեսչությունների լիազորությունները։ Որոշ հողամասերի համար սահմանվել է պարզեցված ընթացակարգ։ Այս գործընթացները ևս իրականացվելու են թվային հարթակում։ Բացի այդ, ներդրումային ծրագրերի դեպքում հողամասերի նպատակային նշանակության փոփոխությունները կատարվելու են հանրության գերակա շահ ճանաչելու հետ համատեղ նույն որոշման շրջանակում։
Քաղաքաշինության կոմիտեն առավել ճկուն մոտեցում է նախատեսել տնամերձ հողամասերում կառուցապատում իրականացնելու դեպքում։ «Քաղաքացիները կարող են ընտրել՝ ինչպես տնօրինել կառուցապատման համար նախատեսված ընդհանուր 40% առավելագույն ցուցանիշը՝ կառուցելով միայն բնակելի տո՞ւն, թե՞ նաև օժանդակ շինություններ (օրինակ՝ ավտոտնակ, անասնագոմ)՝ իրենց համար նախընտրելի համամասնությամբ, եթե հողամասն առնվազն 400 քմ է»,-նշել է Ե.Վարդանյանը։ Հաշվի առնելով, որ ՀՀ-ում կա 400 քմ-ից պակաս մակերեսով ավելի քան 50 000 հողամաս՝ մշակվել է լրացուցիչ ընթացակարգ՝ քաղաքացիներին հնարավորություն տալու այդ հողամասերում ևս իրականացնել քաղաքաշինական գործունեություն։
Ճանապարհամերձ հատվածում կառուցապատումը կանոնակարգելու նպատակով լրացումներ են նախատեսվել գործող կարգում։ Ընդ որում, միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհների անարգել օգտագործման, հարակից տարածքների գեղագիտական տեսքի պահպանման նպատակով արդեն մշակվել են ճանապարհամերձ օբյեկտների, օրինակ՝ բենզալցակայանի, հանրային սննդի օբյեկտի բազմակի օգտագործման էսքիզային նախագծեր։ Ֆինանսական միջոցների առկայության դեպքում կմեկնարկի աշխատանքային նախագծերի ձեռքբերումը։
Կոմիտեի կայքում հրապարակվել է գյուղական բնակավայրում բնակելի տան համար հատկացված հողամասում փոքրածավալ անասնաշենքի կառուցման ուղեցույց։