
Գագիկ Ջհանգիրյանը այսօր ճեպազրույցի ժամանակ մեկնաբանել է Մատաղիսի աղմկահարույց գործը: «Ո՞ր հանցագործությունն է կոծկվել իմ դատախազ եղած ժամանակ, բա հիմա երկու տարի Քննչական դեպարտամենտում այդ գործը քննվում է, բա ինչո՞ւ չեն բացահայտում, իրական հանցագործներին, եթե դրանք կան, և ինչո՞ւ ինձ չեն մեղադրանք առաջադրում և չեն առաջադրել նաև նախորդ իշխանությունները: 2008 թվականին ինձ մեղադրել էին ոստիկանին հրելու համար, բա թող մի լուրջ մեղադրանք գտնեին, մի պաշտոնական դիրքի չարաշահում և ինձ լուրջ մեղադրանքով դատապարտեին երկարաժամկետ ազատազրկման»,- ասել է նա: «Մատաղիսի գործով, երբ նրանք՝ այդ դատապարտյալները, ազատվել են կալանքից և բաց են թողնվել, ես արդեն պաշտոնավարել եմ Գլխավոր դատախազությունում, և զինվորական դատախազը եղել է Արմեն Խաչատուրյանը: Լրացուցիչ նախաքննության արդյունքներով, նոր զինվորական դատախազը նույն մեղադրյալներին հաստատել է մեղադրական եզրակացությունը նույն հոդվածներով և ուղարկել դատարան: Դատարանում գործը քննելիս զինվորական դատախազը եղել է արդեն Կոստանյան Գևորգը և Կոստանյան Գևորգն ինքը, իր մեղադրողներով այդ գործը տարել է մինչև վերջ: Ինչո՞ւ չեք շոշափում Խաչատուրյան, Կոստանյան անունները, չէ՞ որ երկու դատախազներ արել են նույնը, ինչ արել է Ջհանգիրյանը: Ես արդարացումից անմիջապես հետո հայտարարել եմ, որ ես իմ կարծիքը չեմ փոխում, որ այդ անձնավորություններն են հանցագործները: Պատվի և արժանապատվության պաշտպանության հայցով էլ դիմել են դատարան, և հայցը մերժվել է, քանի որ ես մեղադրանքը հաստատող դատախազ եմ եղել, իմ կարծիքը Սահմանադրությունը ապահովում է: Ես ո՞նց կարող էի կասկածելով՝ անմեղ մարդկանց տանել և ազատազրկման ենթարկել»,- նշեց Ջհանգիրյանը: