Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանում կայացավ  2020 թվականին մայիսի 27-ին Մարմաշեն համայնքի ֆուտբոլի դաշտում 21-ամյա Զարզանդ Մանուկյանի սպանության գործով դատական նիստը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, դատարանը հունվարի 13-ին ուսումնասիրել է գործով գրավոր և իրեղեն ապացույցները:

Լրագրողների հետ ունեցած զրույցում ամբաստանյալ Հովհաննես Խաչատրյանի շահերի պաշտպան Մամիկոն Մուրադյանը նշեց, որ իր պաշտպանյալի գործողություններին իրավական սխալ գնահատական է տրված: Ըստ Մամիկոն Մուրադյանի, Զարզանդ Մանուկյանի սպանությունը ոչ թե դիտավորություն է, այլ՝ անզգուշություն: «Ես գտնում եմ, որ սխալ է որակված արարքը և չի կարող լինել 104 հոդված, այսինքն՝ դիտավորյալ սպանություն: Նման որակման համար պետք է նախաքննական մարմինը գնահատեր դրդապատճառ, շարժառիթ, և շատ այլ հանգամանքներ: Այստեղ ընդամենը եղել է փոխադարձ վեճ ու կռիվ, կողմերը փորձել են իրենց ուժերը ցուցադրել, և հանգուցալուծումը դժբախտ հետևանք է ունեցել»,-ասաց ամբաստանյալի շահերի պաշտպանը:

Ըստ Մուրադյանի, փաստվել է, որ Զարզանդ Մանուկյանի մահը վրա է հասել գլխին ստացած վնասվածքներից, բայց թե կոնկրետ որ վնասվածքն է եղել մահվան պատճառ, դեռ պարզ չէ: «Վիճել են կողմերը, քրեական գործում կա, որ ընկել են, կարող է և ընկնելու ժամանակ գլխին նման հարված ստացած լիներ: Նույն հաջողությամբ իմ պաշտպանյալը կարող էր նման վնասվածք ստանալ»,-նշեց Մամիկոն Մուրադյանը:

Տուժողի իրավահաջորդ Հեղինե Մանուկյանը տեղեկացրեց, որ նախաքննության փուլում եթե կասկածներ ուներ, որ Հովհաննես Խաչատրյանը միակ մեղավորը չէ, որը մասնակից է եղբոր սպանությանն ու եղել են այլ անձինք ևս, հիմա արդեն վստահ է, որ արարքի հեղինակն ու մեղավորը միայն Խաչատրյանն է: «Ունեինք կասկածներ, բայց մեզ չհաջողվեց ապացույցներ ձեռք բերել: Այն, որ Հովհաննես Խաչատրյանը ևս հրաժարվում է որևէ մեկի անունը տալ, ստիպում է հավատալ, որ միակ հարվածողն է եղել: Ընկերներից ու Մարմաշեն համայնքից եղել են մարդիկ, որոնք հարցաքննության ժամանակ ասել են, որ տեսել են, թե ինչպես է Հովհաննեսը կռացած 3-ից ավելի հարվածներ հասցնում եղբորս, ինչն էլ հանգեցրեց այս դժբախտությանը: Իմ պայքարը շարունակական է լինելու, մեղադրյալի աթոռին այս պահին ինքն է, և ես պայքարելու եմ, որ նա ամենածանր պատիժը կրի իր կատարած հանցանքի համար, իսկ եթե անմեղ է, պարզապես կարող է կանգնել և խոսել»,-նշեց Մանուկյանը:

Դատական հաջորդ նիստը կկայանա  վաղը՝ հունվարի 14-ին:

2020 թվականի մայիսի 27-ին, Մարմաշենի ֆուտբոլի դաշտի հարեւանությամբ տեղի ունեցած միջադեպի ժամանակ սպանվել էր Վահրամաբերդ գյուղի բնակիչ 21-ամյա Զարզանդ Մանուկյանը: Հարուցված քրեական գործի շրջանակում կալանավորվել է Մարմաշենի բնակիչ 17-ամյա Հովհաննես Խաչատրյանը: Վերջինիս մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի (դիտավորյալ սպանություն) հատկանիշներով: Մեղադրական եզրակացության համաձայն, Հովհաննես Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 27.05.2020թ -ին ժամը 18:00-ից-20:30-ի ժամանակահատվածում , Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի վարչական տարածքում գտնվող ֆուտբոլի խաղադաշտում համագյուղացիների հետ ֆուտբոլ խաղալու ժամանակ խաղի կանոնները խախտելու հետ կապված թիմերի միջև առաջացել է բանավեճ: Այդ առիթով խաղից հետո զրուցելու մասին Վահրամաբերդ գյուղի թիմի անդամ Գ. Մովսիսյանը բջջային հեռախոսին ուղարկված հաղորդագրության միջոցով տեղյակ է պահել խաղադաշտում չգտնվող համագյուղացի ընկերոջը՝ Զարզանդ Մանուկյանին: Վերջինս ստացած հաղորդագրության միջոցով տեղեկանալով այդ մասին, ընկերոջ՝ Ա. Ա. Սարգսյանի և համագյուղացիներ՝ Դ. Սարգսյանի և Ս. Խառատյանի հետ, Ա. Սարգսյանին պատկանող Մերսեդես Բենց Ե մակնիշի ավտոմեքենայով եկել են Մարմաշեն գյուղում գտնվող խաղադաշտ, որտեղ նույն օրը ժամը 20:20-ի սահմաններում խաղադաշտին հարակից դպրոցի մոտակայքում թիմերի միջև մինչ այդ առաջացած բավացեը վերածել է վիճաբանության: Վիճաբանության ընթացքում Մարմաշեն գյուղի բնակիչ Հովհաննես Խաչատրյանը հարվածել է Զարզանդ Մանուկյանի դեմքին և այդ առիթով պարզաբանումներ կատարելու նպատակով վերջիններս առանձնացել են մյուսներից: Զրույցի ընթացքում Խաչատրյանը Մանուկյանին սպանելու, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ գցել է գետնին, հասցրել մարմնի տարբեր հատվածներում հարվածներ, որից հետո Զարզանդ Մանուկյանին գիտակցությունը կորցրած վիճակում թողնելով, հեռացել է: ԶարզանդՄանուկյանին ընկերները տեղափոխել են Գյումրու բժշկական կենտրոն ՓԲԸ, տեղափոխելու ճանապարհին Զարզանդ Մանուկյանը գիտակցության չգալով մահացել է:

Արմենուհի Մխոյան

50