Սպիտակ տան պաշտոնական էջը հրապարակել է ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենի աշխատակազմում նոր նշանակումները, որոնց թվում է մեր հայրենակից Հայկ Հաջինազարյանը։ Նա Սպիտակ տան տարածաշրջանային հաղորդակցության գծով տնօրեն է նշանակվել: Ավելի վաղ Հայկ Հաջինազարյանն աշխատել է որպես Բայդենի քարոզարշավի Արևմտյան Փենսիլվանիա նահանգի մամուլի խոսնակ: Մինչ այդ Նյու Հեմփշիրում, Նեվադայում, Տեխասում, Օհայոյում և այլ նահանգներում նախնական և ընդհանուր ընտրությունների ընթացքում քարոզարշավի հասարակության հետ կապերի թիմի կազմում է եղել:

 

Նախքան քարոզարշավին միանալը, Հաջինազարյանն աշխատել է ԱՄՆ Կոնգրեսում, սկզբում որպես Ինդիանա նահանգի սենատոր Ջո Դոնելիի մամուլի օգնական, ապա Ներկայացուցիչների պալատի Ազգային անվտանգության հանձնաժողովի մեծամասնության աշխատակազմի մամուլի քարտուղարի տեղակալ: Ծնվել է Օհայո նահանգի Կոլումբուս քաղաքում, լիբանանահայերի ընտանիքում: Հայկ Հաջինազարյանը ավարտել է Ինդիանայի համալսարանը և Վաշինգտոնի համալսարանի քաղաքական կառավարման բարձրագույն դպրոցը:
 

16 Հունվար, 2021 15:24
1215
; ;