Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ուզում եմ ուրախությամբ արձանագրել, որ ՖԻՖԱ-ն շատ կարևոր մի որոշում է կայացրել. 2029 թվականին աշխարհի՝ մինչև 20 տարեկանների ֆուտբոլի առաջնությունը տեղի կունենա Հայաստանում և Վրաստանում: Այդ մասին Կառավարության՝ ապրիլի 30-ի նիստին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ուզում եմ թե՛ Վրաստանին, թե՛ մեզ շնորհավորել այս հաջողության առիթով: Ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել Վրաստանի մեր գործընկերներին և անձամբ վարչապետ Կոբախիձեին այս հարցում արդյունավետ և սերտ գործակցության համար:

Կարծում եմ՝ ակնհայտ է, որ սա մեծ իրադարձություն է մեր երկրի կյանքում՝ և՛ ֆուտբոլային, և՛ բոլոր առումներով:

Հիմա անցանք գործի: Նախ պետք է աշխատանքային խումբ, կազմկոմիտե ձևավորենք՝ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ»,- ասաց նա՝ միաժամանակ ընդգծելով, որ ՖԻՖԱ-ի և վրաց գործընկերների հետ համատեղ պետք է քննարկել նաև կազմկոմիտե ստեղծելու անհրաժեշտության հարցը:

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել երկու երկրների ֆեդերացիաներին, որոնք այս ընթացքում շատ սերտ աշխատել են, ջանքեր են գործադրել, որպեսզի այս իրադարձությունը տեղի ունենա:

Ես հիշում եմ, երբ տարիներ առաջ ֆեդերացիաները մոտեցան մեզ՝ ինձ և Վրաստանի վարչապետին, և այդ գաղափարն առաջ քաշեցին: Բնականաբար, դա մեզ շատ ուրախացրեց, բայց, մյուս կողմից, դժվարանում էինք գնահատել, թե ինչքանով է իրատեսական: Հիմա փաստը մնում է փաստ»,- ասաց նա:

Փաշինյանը նկատեց՝ Կառավարությունը կպատրաստվի, բայց պետք է մասնավոր ոլորտն էլ պատրաստվի, քանի որ խոսքը 100 հազար այցելուի մասին է: Նաև ճանապարհային ենթակառուցվածքները պետք է պատշաճ վիճակում լինեն: Ինչ վերաբերում է սննդի ոլորտին, Փաշինյանն իր մտահոգությունը հայտեց՝ կատակելով. «Եթե այդքան մարդ մտնի, ասենք, Իջևան, մի օրում սնունդը կարող է վերջանալ»:

Նախարարը տեղեկացրեց, որ անհրաժեշտ է ՖԻՖԱ-ից ստանալ առաջիկա անելիքների ճանապարհային քարտեզ, քանի որ խոսքը ոչ միայն այցելուների մասին է, այլև Հայաստանում մի մեծ անձնակազմի ժամանակավոր գործունեություն ծավալելու:

Մանրամասները՝ տեսանյութում

623