Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ուրախությամբ եմ նշում, որ սա իմ գործընկերոջ առաջին այցն է նախագահի պաշտոնում, սակայն անցյալում պատիվ ենք ունեցել հյուրընկալել Էդգարս Ռինկևիչսին երկրի արտաքին գործերի նախարարի պաշտոնում։ Այս մասին ասել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։

«Գոհունակությամբ պետք է արձանագրեմ, որ վերջին տարիներին գործուն քայլեր ենք ձեռնարկում ամուր և դինամիկ քաղաքական երկխոսություն ծավալելու ուղղությամբ։ Հայ- լատվական գործունեությունը հիմնված է բարեկամության, ժողովրդավարական արժեքների և ընդհանուր հանձնառության վրա՝ ապահովելու բարեկեցիկ և ավելի անվտանգ ապագա մեր ժողովուրդների համար։ ՀՀ-ն ու Լատվիան համախոհ երկրներ են անկախության, ինքնիշխանության, ժողովրդավարական արժեքների պահպանման և խաղաղության առաջմղման գործում և վճռական են առավել խորացնել փոխգործակցությունն այս առումով»,- ասաց նա։

Նախագահը հավելեց, որ նրանք հանգամանալից անդրադարձ են կատարել երկկողմ հարաբերությունների տարբեր բաղադրիչներին․ «Մենք անդրադարձ ենք կատարել երկկողմ հարաբերությունների տարբեր բաղադրիչներին՝ կարևորելով առևտրի և ներդրումների խթանումը, հեռանկարային և փոխշահավետ ենք համարել բարձր տեխնոլոգիական ոլորտում առկա մեծ ներուժի օգտագործումը։ Ընդգծել ենք կիբեռանվտանգության, օդային հաղորդակցության, կրթության և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում առավել թիրախային համագործակցային ծրագրերի իրագործման անհրաժեշտությունը»։

Նախագահը իր խոսքում նաև ընդգծել է, որ ՀՀ-Լատվիա համագործակցության համատեքստում անշուշտ առանձնահատուկ կարևորություն ունի ՀՀ-ԵՄ գործընկերության շրջանակում իրականացվող երկխոսությունը։

 

355