Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու որոշում է կայացրել։

Ինչպես նշված է քաղաքապետարանի պաշտոնական կայքում հրապարակված փաստաթղթում, որոշման համար հիմք է ընդունվել Մեսչյանի դիմումը։

«2020 թվականի օգոստոսի 17-ից ազատել Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետի պաշտոնից»,– ասված է որոշման մեջ։ Հետաքրքրական է, որ որոշումը Հայկ Մարությանը ստորագրել է օգոստոսի 12-ին, ինչը փոքր–ինչ տարօրինակ է, քանի որ այդ ընթացքում Մարությանը գտնվել է արձակուրդում։

Ինչպես օգոստոսի 11-ին հայտնել էր Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը, Հայկ Մարությանն արձակուրդ էր վերցրել մինչև օգոստոսի 25-ը ներառյալ։

Մեսչյանի հրաժարականի դիմումի մասին Մարությանը հայտարարել էր օգոստոսի 4-ին կայացած մամուլի ասուլիսում`հիշեցնելով, որ Մեսչյանն ի սկզբանե ասել էր, որ գալիս է 2 տարով։

Երգիչ, երգահան, ճարտարապետ Արթուր Մեսչյանը քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ Երևանի գլխավոր ճարտարապետ էր նշանակվել 2018թ–ի հոկտեմբերի 23-ին։

Մեսչյանը Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնում նախկինում աշխատել էր նաև 1996թ–ին` մեկ տարի տևողությամբ։

1997-ին նա պաշտոնից հրաժարվելու դիմում էր ներկայացրել։

399