Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Երևանում անցկացվում է միջազգային ԻԿՕՄՕՍ-ի (Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհուրդ) Եվրոպայի խմբի հանդիպումը, որի շրջանակում Հայաստանի ամերիկյան համալսարանում մեկնարկել է «Հիշողությամբ պայմանավորված ժառանգություն․ բարոյագիտական մոտեցումներ, մշակութային լանդշաֆտներ և անդրսահմանային համագործակցություն» թեմայով գիտական սիմպոզիումը:

Միջոցառման բացմանը ողջույնի խոսքով հանդես են եկել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, «ԻԿՕՄՕՍ/ՀԱՅԱՍՏԱՆ» (Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի Հայաստանի ազգային կոմիտե) կազմակերպության նախագահ Գրիգոր Նալբանդյանը, Միջազգային ԻԿՕՄՕՍ-ի նախագահ Թերեզա Պատրիսիուն, ոլորտի հեղինակավոր մասնագետներ:

Ժաննա Անդրեասյանը ողջունել է ԻԿՕՄՕՍ-ի Եվրոպայի խմբի ներկայացուցիչներին Հայաստանում և նշել, որ ԿԳՄՍ նախարարությունը բարձր է գնահատում հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանման միջազգային խորհրդի դերը համաշխարհային ժառանգության պահպանության գործում։ Նախարարը շնորհակալություն է հայտնել նաև ԻԿՕՄՕՍ Հայաստանի գործընկերներին՝ մասնագիտական աջակցությամբ մշտապես նախարարության կողքին լինելու և իրենց գիտելիքներն ի շահ հայկական մշակութային ժառանգության պահպանության ծառայեցնելու համար:

Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ պետական քաղաքականության կարևորագույն ուղղություններից մեկը միջազգային հարթակներում հայկական հուշարձանների հանրահռչակումն է, և այդ ուղղությամբ նախարարությունը համագործակցում է միջազգային գործընկերներ հետ՝ ՅՈՒՆԵՍԿՕ, ԱԼԻՖ, Ասիական մշակութային ժառանգության դաշինք, ԻԿՕՄՕՍ, ԻԿԿՌՕՄ (Մշակութային արժեքների պահպանության և վերականգնման ուսումնասիրության միջազգային կենտրոն), Եվրոպա Նոստրա, Եվրոպական միություն և այլն։

«Մասնավորապես՝ Հայաստանն ակտիվացրել է ջանքերը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության պահպանության մասին 1972 թ. և 1954 թ. Հաագայի կոնվենցիաների ուղղություններով: 29 տարվա դադարից հետո 2024 թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում է ընդգրկվել «Տիրինկատարի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը» հայտը, իսկ 2025 թ․՝ «Երևանի ուրարտական ժառանգությունը», «Գառնի հնագիտական համալիրը և «Բազալտե երգեհոն» սյունաձև բազալտներ» հայտերը։ Ընդամենը մեկ ամսից Կորեայում կայանալիք Համաշխարհային ժառանգության կոմիտեի նիստի ընթացքում մենք կհայտարարենք ևս մեկ հուշարձանախմբի՝ նախնական ցանկում ընդգրկվելու մասին»,- տեղեկացրել է Ժաննա Անդրեասյանը և շեշտել, որ միաժամանակ շարունակվում է «Տիրինկատար հնավայրի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը» հայտը նախնական ցանկից հիմնական ցանկ տանելու ուղղությամբ աշխատանքը։

Նախարարի ընդգծմամբ՝ Հայաստանն առաջիններից է, որ գործարկել է Համաշխարհային ժառանգության պահպանության կոնվենցիայի նոր գործիքակազմերից մեկը՝ «Նախնական կարիքների գնահատում» փուլը, որն իրականացնում է ԻԿՕՄՕՍ-ը: Նրա տեղեկացմամբ՝ ավելի քան վեց ամիս հայ փորձագետները համագործակցել են ԻԿՕՄՕՍ-ի փորձագետների հետ՝ ստանալով արժեքավոր դիտարկումներ և կարծիքներ. «Հիմա մենք հայտի լրամշակման փուլում ենք, և ես լիահույս եմ, որ մոտ երկու տարի հետո «Տիրինկատար հնավայրի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը» հայտն այս աշխատանքի շնորհիվ կընդգրկվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության հիմնական ցուցակում»:

Շարունակելով համագործակցության շրջանակում իրականացված աշխատանքների ներկայացումը՝ նախարարը նշել է, որ նախորդ տարի Հայաստանն ընտրվել է Համաշխարհային ժառանգության կոնվենցիայի կոմիտեի անդամ առաջիկա 4 տարիների համար։

«1954 թ. Հաագայի կոնվենցիայի ուղղությամբ՝ Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության կոմիտեի 20-րդ նստաշրջանում Հայաստանի Հանրապետությունն ընտրվել է ընթացիկ նստաշրջանի փոխնախագահ։ Պատրաստվել և ՅՈՒՆԵՍԿՕ-ին է ներկայացվել «Տաթևի և Տաթևի Մեծ անապատ վանական համալիրները և Որոտան գետի կիրճը» հուշարձանախմբին ուժեղացված պաշտպանության կարգավիճակի շնորհման հայտադիմումը: Այս տարի հաստատվեց նաև Արմավիրի մարզի սահմանային գոտում գտնվող Շուշանավանքի վերականգնման աշխատանքների իրականացման Ալիֆի աջակցության ծրագիրը: 2025 թվականին պետական բյուջեի միջոցներից հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքների համար հատկացվել է ավելի քան 1.7 մլրդ ՀՀ դրամ, ինչն աննախադեպ բարձր ֆինանսավորում է ոլորտի համար: 2025 թ. ԿԳՄՍ նախարարության պատվերով իրականացվել են 17 հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքներ, որոնցից 7-ի աշխատանքներն ավարտվել են: Այս տարի պլանավորված են ավելի մեծ թվով՝ 21 հուշարձանների վերականգնման աշխատանքներ, որոնց մեծ մասն արդեն սկսվել է: Նախարարությունն ուշադրություն է դարձնում ոչ միայն հուշարձանների վերականգնմանը, այլ նաև դրանց շուրջ պատշաճ զբոսաշրջային ենթակառուցվածքների ստեղծմանը»,- ասել է նախարարը։

Ժաննա Անդրեասյանն արձանագրել է նաև, որ մի քանի հնավայրերի հարակից տարածքներում արդեն իսկ կառուցվել են զբոսաշրջային տեղեկատվական կենտրոններ, որոնք նոր որակի ծառայություններ են առաջարկում քաղաքացիներին, զբոսաշրջիկներին:

«ԿԳՄՍ նախարարության առաջարկով շուտով Հայաստանի Հանրապետությունը կմիանա նաև «Ստորջրյա մշակութային ժառանգության պահպանության մասին» կոնվենցիային, որը մեր պետության՝ վերջին չվավերացված կոնվենցիան էր մշակույթի ոլորտում»,- նշել է նախարարը՝ շեշտելով ՀՀ հավատարմությունը միջազգային կոնվենցիաներով ստանձնած հանձնառությունների կատարմանը։

Այս համատեքստում նա հատուկ անդրադարձել է հայ ժողովրդի՝ հազարամյակների պատմամշակութային ժառանգությունը պահպանելու և հաջորդ սերունդներին փոխանցելու կարևորությանը՝ հույս հայտնելով, որ ԻԿՕՄՕՍ-ի Եվրոպայի խմբի հանդիպումը կնպաստի այդ ուղղությամբ աշխատանքների բարելավմանը։

«Հիշողությամբ պայմանավորված ժառանգություն․ բարոյագիտական մոտեցումներ, մշակութային լանդշաֆտներ և անդրսահմանային համագործակցություն» գիտական սիմպոզիումի աշխատանքները կշարունակվեն թեմատիկ զեկույցներով: Միջազգային կառույցի գործընկերների հետ որպես բանախոսներ հանդես կգան նաև ԻԿՕՄՕՍ Հայաստանի ազգային կոմիտեի անդամները՝ ներկայացնելով իրենց հետազոտությունները, փորձառությունն ու մասնագիտական տեսլականը միջազգային հարթակում։ Նրանք միջազգային մասնագիտական համայնքին կներկայացնեն Հայաստանի մշակութային ժառանգության պահպանության փորձն ու ձեռքբերումները։

87