Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հրազդան քաղաքում Firebird AI ընկերությունը՝ աշխարհահռչակ NVIDIA և Dell տեխնոլոգիական հսկաների հետ համագործակցությամբ, հաջողությամբ իրականացնում է հսկայական տվյալների կենտրոնի շինարարությունը։ Նախագծի ընդհանուր ներդրումը կազմում է շուրջ 5 միլիարդ դոլար։ Կենտրոնը կաշխատի NVIDIA Blackwell նոր սերնդի 50,000 գերհզոր չիպերով, իսկ ապագայում այդ թիվը կհասցվի 100,000-ի։ Այս հզոր համակարգի համար կպահանջվի ավելի քան 100 ՄՎտ էներգիա, ինչի պատճառով էլ ընտրվել է Հրազդանը՝ իր զարգացած էներգետիկ ենթակառուցվածքներով։ Կարևոր է նաև այն, որ ԱԲ տվյալների կենտրոններին բնորոշ ջրի հսկայական սպառումն այստեղ չի լինի։ Տեղանքի ցուրտ կլիմայի շնորհիվ սերվերների հովացումը կատարվելու է փակ, էկոլոգիապես մաքուր ցիկլով և ջուր ընդհանրապես չի օգտագործվելու։

Այս հսկայական հզորության 20%-ը լիովին անվճար կհատկացվի Հայաստանի գիտությանը, ստարտափներին և կրթությանը, իսկ մնացած 80%-ը վարձակալությամբ կտրամադրվի աշխարհի խոշորագույն տեխնոլոգիական ընկերություններին։ NVIDIA-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգը և մյուս գործընկերները մեծապես շահագրգռված են, որ հայաստանյան գիտնականներն ու հետազոտողները ստանան այս հասանելիությունը։

 

Հունիսի 5-ին ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը և Firebird AI ընկերության համահիմնադիր Ալեքսանդր Եսայանը շրջայց են կատարել Հրազդան քաղաքի մերձակայքում կառուցվող արհեստական բանականության (ԱԲ) կենտրոնում՝ պաշտոնական գործարկումից առաջ ծանոթանալով նախագծի իրականացման ընթացքին։ Նախագիծը Հայաստանը դիրքավորում է որպես տարածաշրջանային տեխնոլոգիական հանգույց և հնարավորություն է ստեղծում տեղական ու միջազգային ընկերությունների համար արհեստական բանականության ամենաբարդ հաշվարկներն իրականացնել հենց Հայաստանում։ Եվ քանի, որ տարածաշրջանում կենտրոնը առաջինն ու միակն է՝ կարող է հետաքրքրել հարևան երկրներին, ինչն էլ կնպաստի Հայաստանի տնտեսության և ազգային մրցունակության բարձրացմանը։ Այս մեգանախագիծը ոչ միայն հզոր ենթակառուցվածք է, այլև Հայաստանի ապագայի տեխնոլոգիական տնտեսության կարևորագույն հիմնաքարը։ Տվյալների կենտրոնի գործարկումը տնտեսական հնարավոր լայնածավալ օգուտների մասին չէ միայն, այլ նաև տնտեսության հիմքում նորարարությունը դնելը՝ դարձնելով այն գիտահեն, իսկ Firebird-ի շնորհիվ Հայաստանը սպառողից վերածվում է աշխարհին արհեստական բանականության բարձր տեխնոլոգիական արդյունք և լուծումներ առաջարկող երկրի, որը պատրաստ է սահմանել ապագայի խաղի կանոնները։ Սա գործարան է, բայց, արտադրանքը ծառայություններն են, արհեստական բանականությունը և այդ բոլոր ծառայությունները կապուղիների միջոցով են գնալու։ 
 

Այս մեգանախագիծը կապահովի անհրաժեշտ հաշվողական հզորություններ ԱԲ առաջատար համակարգերի մշակման, գիտական հետազոտությունների, բարդ ինժեներական մոդելավորման, ռոբոտատեխնիկայի, ավիատիեզերական և կենսաբժշկական տեխնոլոգիաների, կորպորատիվ հաշվողական խնդիրների, ինչպես նաև հաջորդ սերնդի խելացի հավելվածների զարգացման համար։ 

 

 

300