Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ազգային ժողովը հունիսի 17-ի նիստում մի շարք նախագծեր քննարկել է երկրորդ ընթերցմամբ:

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը ներկայացրել է ««Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և ««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը, որով առաջարկվում է հանրապետությունում շարունակել համայնքների միավորման գործընթացը երեք մարզերում:

Փոփոխությունների արդյունքում Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում կձևավորվեն երեք նոր խոշորացված համայնքներ:

Գլխադասային՝ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանը ներկայացրել է նախաձեռնության վերաբերյալ հանձնաժողովի դրական եզրակացությունը:

«Մաքսային կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ նախատեսող օրինագծի ընդունման նպատակն է որոշակիացնել մաքսային ստուգումների իրականացման գործընթացը, հստակեցնել մաքսային ստուգումների գծով չկարգավորված հարաբերությունները, ամրագրել մաքսային ստուգմանը վերաբերող փաստաթղթերի էլեկտրոնային եղանակով ծանուցման դրույթները, վերանայել պատասխանատվության նորմերը մաքսային ստուգման արդյունքում հայտնաբերված իրավախախտումների մասով:

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Համլետ Սահակյանի խոսքով՝ առաջինից երկրորդ ընթերցում կատարվել են որոշակի տեխնիկական փոփոխություններ: Մաքսային ստուգմանն առնչվող բոլոր փաստաթղթերի ու ձևերի սահմանման իրավասությունը կվերապահվի Պետական եկամուտների կոմիտեին:

Հարակից զեկույցում տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Կարեն Համբարձումյանը բարձրաձայնել է նախագծի վերաբերյալ հանձնաժողովի դրական եզրակացությունը:

Պատգամավորները քվեարկություններով ընդունել են հերթական նիստերում քննարկված նախագծերը,  այդ թվում՝ «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» ԱԺ որոշումը:

71