Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Սևանա լճի ավազանի համայնքներում հողերի արդյունավետ օգտագործումն ու երկար տարիներ անմշակ մնացած տարածքների վերականգնումը շարունակում են մնալ կարևոր մարտահրավերներ։

Այդ նպատակով ՄԱԶԾ-ԳԷՀ «Սևանա լճի ավազանում հողային ռեսուրսների և արժեքավոր էկոհամակարգերի պահպանում և կայուն կառավարում՝ ուղղված բազմակի օգուտների» ծրագրի շրջանակում իրականացվում են տարբեր նախաձեռնություններ, որոնք աջակցում են համայնքներին և ֆերմերներին ավելի արդյունավետ օգտագործել իրենց հողային ռեսուրսները և վերադարձնել շրջանառությունից դուրս մնացած հողերը։ Ծրագիրն ընդգրկում է Գեղարքունիքի և Վայոց Ձորի մարզերը՝  Մարտունի, Վարդենիս, Շողակաթ, Եղեգիս, Վայք և Ջերմուկ համայնքներն իրենց բնակավայրերով:

Վայոց Ձորի մարզի Խնձորուտ բնակավայրում ապրող Սարգիս Հակոբյանը վերջին տարիներին նպատակ է դրել աստիճանաբար վերականգնել երկար ժամանակ չմշակված հողատարածքները։

Սահմանամերձ համայնքում, որտեղ վարելահողերի զգալի մասը անջրդի է և տարիներ շարունակ դուրս է մնացել ակտիվ օգտագործումից, այս աշխատանքը պահանջում է ոչ միայն մեծ ջանք, այլև համապատասխան տեխնիկական հնարավորություններ։

2025 թվականին Սարգիսը դիմել է ՄԱԶԾ-ԳԷՀ «Սևանա լճի ավազանում հողային ռեսուրսների և արժեքավոր էկոհամակարգերի պահպանում և կայուն կառավարում՝ ուղղված բազմակի օգուտների» ծրագրի փոքր դրամաշնորհների նախաձեռնությանը և ստացել աջակցություն՝ փոքր գյուղատնտեսական տրակտոր։ Ծրագիրը Հայաստանում իրականացվում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի միջոցով՝ WWF Հայաստանի հետ համագործակցությամբ։

Ստացված տեխնիկական աջակցությունը հնարավորություն է տվել զգալիորեն ընդլայնել մշակվող հողատարածքները և վերականգնել տարիներ շարունակ անմշակ մնացած հողերը։ Տեխնիկան Սարգիսին հնարավորություն է տվել ավելի մեծ տարածքներ վերադարձնել շրջանառության և սկսել մշակել հողեր, որոնք երկար ժամանակ չէին օգտագործվել։

«Այս տարի պլանավորել եմ մշակել 4 հա հողատարածք՝ 2 հա իմ սեփականաշնորհած, 2 հա՝ վարձակալած։ Այս պահի դրությամբ 60-70 տոկոսն արդեն հասցրել եմ մշակել, հիմնականում ցանել եմ գարի և առվույտ։ Գարին առաջինը կհնձվի, իսկ առվույտի առաջին տարվա բերքը չենք հավաքելու, որպեսզի այն լավ զարգանա և ամրացնի հողը»,– պատմում է նա։

Ֆերմերի խոսքով՝ հողատարածքների զգալի մասը շուրջ երկու տասնամյակ չի մշակվել։ Տարիների ընթացքում հողը կարծրացել է, իսկ որոշ հատվածներում մեծ քանակությամբ քարեր են կուտակվել, ինչը դժվարացրել է գյուղատնտեսական աշխատանքների իրականացումը։

Աշխատանքների արդյունավետ կազմակերպման և տեխնիկական հնարավորությունների ընդլայնման նպատակով Սարգիսը նաև սեփական ներդրումն է կատարել՝ ձեռք բերելով կցասայլ, փոցխ և գութան, որոնք էապես հեշտացրել են հողի մշակումը։

«Եթե չլիներ այս մինի տրակտորը, նման տարածքը ձեռքով մշակելը պարզապես անհնար կլիներ։ Հողը շատ կարծրացած է, մի քանի անգամ վարում ենք, որպեսզի նաև քարերը դուրս բերենք։ Առաջին տարին ամենադժվարն է, բայց հետո հողն աստիճանաբար կվերականգնվի, և աշխատանքը կդառնա ավելի արդյունավետ»,– նշում է նա։  

Ծրագրի շրջանակում ընտրված մշակաբույսերը ևս պատահական չեն։ Առվույտը համարվում է հողերի վերականգնման և բերրիության բարձրացման կարևոր մշակաբույս։ Այն նպաստում է հողի կառուցվածքի բարելավմանը, ազոտի կուտակմանը և օրգանական նյութերի ավելացմանը, ինչը հիմք է ստեղծում հետագայում ավելի բարձր արժեք ունեցող մշակաբույսերի և պտղատու այգիների համար։

Սարգիս Հակոբյանն արդեն մտածում է զարգացման հաջորդ փուլի մասին։ Եթե լուծվի ոռոգման ջրի հասանելիության հարցը, նախատեսում է շուրջ 2200 քմ տարածքում հիմնել պտղատու այգի։ Միաժամանակ շարունակում է մաքրել և մշակման համար պատրաստել այլ հողակտորներ, որոնք երկար ժամանակ չեն օգտագործվել։

Ֆերմերի փորձը ցույց է տալիս, որ գյուղատնտեսական հողերի վերականգնումը միայն մեկ տնտեսության խնդիր չէ։ Այն անմիջականորեն կապված է համայնքների սոցիալ-տնտեսական զարգացման, հողային ռեսուրսների արդյունավետ օգտագործման և գյուղական բնակավայրերի կենսունակության հետ։

«Շատ մարդիկ կցանկանային զբաղվել գյուղատնտեսությամբ, բայց միայն գիտելիքը բավարար չէ։ Անհրաժեշտ է նաև տեխնիկական աջակցություն, խրախուսում և օգնություն՝ արտադրանքի իրացման ու այլ հարցերում։ Երբ մարդը տեսնում է, որ կարող է արդյունքի հասնել, ավելի մեծ պատրաստակամությամբ է ներդրում անում իր հողի և համայնքի զարգացման մեջ»,– ասում է նա։

ՄԱԶԾ-ԳԷՀ Սևանա լճի ավազանի ծրագրի փոքր դրամաշնորհների նախաձեռնությունն ուղղված է նման տեղական նախաձեռնությունների խթանմանը, որոնք օգնում են համայնքներում ավելի արդյունավետ օգտագործել հողային ռեսուրսները, վերականգնել տարիներ շարունակ չօգտագործված տարածքները և ստեղծել նոր հնարավորություններ գյուղական բնակչության համար։

Սարգիսի օրինակը ցույց է տալիս, որ նույնիսկ երկար տարիներ անմշակ մնացած հողերը կարող են կրկին դառնալ արտադրողական, եթե առկա են համապատասխան գիտելիք, նպատակասլացություն և անհրաժեշտ աջակցություն։ Նման նախաձեռնությունները ոչ միայն օգնում են առանձին տնտեսություններին, այլև նպաստում են համայնքների զարգացմանն ու հողային ռեսուրսների ավելի արդյունավետ օգտագործմանը։

193