Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

2026 թվականի հունիսի 18-ին Արթիկի Գեղագիտական դաստիարակության կենտրոնում տեղի ունեցավ 14-ամյա երիտասարդ նկարչուհի Լիլիթ Մնոյանի առաջին անհատական ցուցահանդեսը, որը դարձավ նրա ստեղծագործական կյանքի կարևոր ու հիշարժան իրադարձություններից մեկը։

Ցուցահանդեսում ներկայացված էին 48 աշխատանքներ՝ գունանկարներ, կոմպոզիցիոն ստեղծագործություններ և գծանկարներ, որոնք աչքի էին ընկնում ինքնատիպ մտածողությամբ, գունային հարուստ լուծումներով և ստեղծագործական երևակայությամբ։ Յուրաքանչյուր աշխատանք արտահայտում էր երիտասարդ արվեստագետի ներաշխարհը, արվեստի հանդեպ սերն ու հետևողական աշխատանքը՝ վկայելով նրա ստեղծագործական հասունացման մասին։

Լիլիթ Մնոյանը, ով ընդամենը 14 տարեկան է, արդեն իսկ ընդունվել է Գյումրու տարածաշրջանային պետական քոլեջի Գրաֆիկ դիզայն բաժին, որտեղ շարունակելու է իր մասնագիտական կրթությունն ու զարգացնելու է իր ստեղծագործական կարողությունները։

Նրա գեղարվեստական կայացման ճանապարհին կարևոր դեր են ունեցել Արթիկի Գեղագիտական դաստիարակության կենտրոնի ուսուցիչներ Վարշամ Սահակյանը, Լիլիթ Տոնականյանը և Երվանդ Բիչախչյանը, որոնց մասնագիտական գիտելիքներն ու նվիրումն իրենց նշանակալի ներդրումն են ունեցել երիտասարդ նկարչուհու ձևավորման գործում։

Առաջին անհատական ցուցահանդեսը յուրաքանչյուր արվեստագետի համար խորհրդանշական իրադարձություն է։ Լիլիթ Մնոյանի համար այն ոչ միայն արդեն անցած ճանապարհի գեղեցիկ ամփոփումն էր, այլև նոր ստեղծագործական հաջողությունների, մասնագիտական աճի և արվեստի աշխարհում վստահ քայլերով առաջ շարժվելու խոստումնալից սկիզբը։

Համոզված ենք, որ այս ցուցահանդեսը դեռևս առաջինն է բազմաթիվ հաջողությունների շարքում, և երիտասարդ նկարչուհին իր ստեղծագործություններով շարունակելու է արժանանալ արվեստասեր հանրության գնահատանքին ու սիրուն։

94