Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ամառային տապ և ջերմային հարված: Առողջապահության նախարարությունը ուղեցույց է հրապարակել այն մասին, թե նման պայմաններում ինչ է պետք իմանալ առողջությունը պաշտպանելու համար:

 

«Ինչպե՞ս տարբերակել ջերմային հարվածը սովորական թուլությունից

 

Ջերմային հյուծվածություն (թեթև ձև)՝ ուղեկցվում է առատ քրտնարտադրությամբ, ընդհանուր թուլությամբ և մաշկի գունատությամբ:

 

Ջերմային հարված (ծանր ձև)՝ մարմնի ջերմաստիճանը բարձրանում է 40°C և ավելի, իսկ քրտնարտադրության մեխանիզմը սպառվում է, ինչի պատճառով մաշկը դառնում է չոր և տաք։ Ի հայտ են գալիս նյարդաբանական ախտանիշներ՝ շփոթվածություն, խոսքի խանգարում, գրգռվածություն, իսկ ծանր դեպքերում՝ ցնցումներ և գիտակցության կորուստ:

 

Ովքե՞ր են ռիսկի խմբում

 

Մինչև 5 տարեկան երեխաները և 65-ից բարձր անձինք (նրանց կենտրոնական նյարդային համակարգն ավելի զգայուն է ջերմաստիճանի փոփոխությունների հանդեպ)։

 

Քրոնիկ (սրտանոթային, թոքային) հիվանդություններ, գիրություն ունեցող անձինք։

 

Բացօթյա ծանր ֆիզիկական աշխատանքով զբաղվողները և մարզիկները:

 

Առաջին օգնությունը ջերմային հարվածի նշանների դեպքում

 

Անհապաղ զանգահարե՛ք շտապօգնություն:

  • Մինչ բժիշկների ժամանումը՝ տուժածին տեղափոխե՛ք հով, ստվերոտ կամ օդորակիչով սենյակ:
  • Թուլացրե՛ք կամ հանե՛ք ավելորդ հագուստը:
  • Արագ սառեցրե՛ք մարմինը՝ օգտագործելով թաց սավաններ, հովհար, օդորակիչ կամ սառը թրջոցներ (հատկապես պարանոցի, թևատակերի և աճուկային շրջաններում):

Ինչպե՞ս կանխարգելել

 

Շոգ եղանակին խմե՛ք շատ ջուր, մի՛ սպասեք ծարավի զգացողությանը: Խուսափե՛ք ալկոհոլից, քանի որ այն խախտում է մարմնի ջերմակարգավորումը:

 

Կրե՛ք բաց գույնի, թեթև և լայն հագուստ:

 

Սահմանափակե՛ք ակտիվությունը, խուսափեք օրվա ամենաշոգ ժամերին բացօթյա ծանր ֆիզիկական աշխատանքից:

 

Եթե ընդունում եք քրոնիկ հիվանդությունների համար նախատեսված դեղեր, խորհրդակցե՛ք ձեր բժշկի հետ, որովհետև իրավիճակով պայմանավորված ցուցումները կարող են տարբեր լինել:

 

Պահպանե՛ք անվտանգության կանոնները և եղե՛ք առողջ»,- նշված է հաղորդագրության մեջ:

 

149