Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը մասնակցել է Հայաստանում գենդերային հավասարությանը և կանանց հզորացմանն ուղղված տարածաշրջանային նոր Lead4Peace ծրագրի մեկնարկի պաշտոնական միջոցառմանը․ այն կազմակերպել է ՄԱԿ-ի Կանանց հարցերով կազմակերպությունը (UN Women)՝ նպաստելու Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում կանանց առաջնորդության բարելավմանը, գենդերային հավասարությանը, խաղաղ ու դիմակայուն միջավայրի ստեղծմանը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:

 

Բացման խոսքում նախարար Արսեն Թորոսյանը շնորհակալություն է հայտնել Դանիայի կառավարությանը ծրագրի ֆինանսավորման համար և ընդգծել, որ գենդերային հավասարության ապահովումը, կանանց իրավունքների պաշտպանությունն ու նրանց հնարավորությունների ընդլայնումը ՀՀ կառավարության առաջնահերթություններից են. կանանց լիարժեք մասնակցությունը հասարակական, տնտեսական և քաղաքական կյանքին ոչ միայն արդարության և հավասար հնարավորությունների հարց է, այլև երկրի կայուն զարգացման կարևոր նախապայման։

 

«Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հետևողականորեն իրականացնում է քաղաքականություններ և ծրագրեր, որոնք նպաստում են կանանց տնտեսական ակտիվության բարձրացմանը, զբաղվածության հնարավորությունների ընդլայնմանը, ընտանեկան և աշխատանքային կյանքի համատեղելիության ապահովմանը, ինչպես նաև գենդերային հիմքով բռնության կանխարգելմանն ու բռնության ենթարկված անձանց աջակցության ծրագրերի կատարելագործմանը»,- շեշտել է նախարարը։

 

Արսեն Թորոսյանն անդրադարձել է նաև տեղական և միջազգային գործընկերների միջև ձևավորված սերտ համագործակցությանը՝ նշելով պետական ծրագրերի արդյունավետ իրականացման, նոր նախաձեռնությունների մշակման, իրականացվող քաղաքականությունների գնահատման և լավագույն փորձի ներդրման գործում ունեցած նրանց էական դերը։

 

ՄԱԿ-ի Կանանց հարցերով կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Բելեն Սան Լուկեն նույնպես կարևորել է Հայաստանի՝ տարածաշրջանային այս ծրագրում ընդգրկվելը.

 

«Միանալով այս նախաձեռնությանը՝ Հայաստանը դառնում է տարածաշրջանային համայնքի մի մասը, որը հանձնառու է գիտելիքի, փորձի և լուծումների փոխանակման միջոցով առաջ մղել կանանց առաջնորդությունն ու տնտեսական հզորացումը, ամրապնդել գենդերազգայուն կառավարումը, արագացնել կանանց նկատմամբ բռնության վերացմանն ուղղված ջանքերը և խթանել կանանց բովանդակալից մասնակցությունը խաղաղաշինության և անվտանգության գործընթացներին»։

 

Միջոցառմանը մասնակցել են նաև ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Լիլիթ Մակունցը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբը, ՄԱԿ-ի Կանանց հարցերով կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Բելեն Սան Լուկեն, Հայաստանում և Վրաստանում Դանիայի Թագավորության դեսպան Աննե Թոֆթ Սորենսենը, գործընկերներ Վրաստանից, Մոլդովայից և Ուկրաինայից, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային կառույցների ներկայացուցիչներ, պաշտոնատար այլ անձինք։

 

142