Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Սյունիքի մարզի դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, ուսումնասիրել է Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Սիսիան քաղաքի «Մայիսի 28» զբոսայգու տարածքում գտնվող հողամասերը տարբեր անձանց տրամադրելու վերաբերյալ փաստաթղթերը:

Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Սիսիան քաղաքի «Մայիսի 28» զբոսայգու տարածքում գտնվող՝ 0,0451 հա մակերեսով հողամասը, օրենքի պահանջների խախտմամբ, կառուցապատման իրավունքով հատկացվել է ֆիզիկական անձի:

Դատախազի կողմից միջնորդագիր է հասցեագրվել Սիսիան համայնքի ղեկավարին՝ Սիսիան համայնքի և կառուցապատողի միջև 2011 թվականի մայիսի 18-ին կնքված կառուցապատման իրավունքը դադարեցնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ: 

Միջնորդագրի հիման վրա, Սիսիանի համայնքապետարանի իրավասու մարմինների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում, 2026 թվականի հուլիսի 20-ին Կադաստրի կոմիտեում դադարեցվել է Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,0451 հա մակերեսով, 846 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով հողամասի նկատմամբ գրանցված կառուցապատման իրավունքը: 

Այսպիսով, մինչ այսօր դատախազական ներգործության արդյունքում՝ Սիսիան քաղաքի տիրապետմանն են վերադարձվել «Մայիսի 28» զբոսայգու տարածքում գտնվող՝

  • 0,0451 հա մակերեսով հողամասը,
  • 0,08 հա մակերեսով հողամասը,
  • 0,02 հա մակերեսով հողամասը,
  • 0,0402 հա մակերեսով հողամասը,
  • 0,13 հա մակերեսով հողամասը:
164