Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Էներգահամակարգերի միջպետական ինտեգրացիան կամ փոխկապակցումը, ինչի մասին վերջին օրերին խոսեց ՀՀ վարչապետը, երկու կամ ավելի երկրների էլեկտրաէներգետիկ ցանցերի միավորումն է՝ միասնական էլեկտրաէներգետիկ շուկա և տարածաշրջանային ենթակառուցվածք ձևավորելու նպատակով։

Նմանատիպ նախագծերի հիմնական նպատակն է՝ էներգետիկ անվտանգության և էլեկտրամատակարարումների հուսալիության բարձրացումը։

Էներգահամակարգում տեխնիկական վթարների կամ սպառման բեռի պիկային ծանրաբեռնվածության դեպքում համակարգերն ինտեգրած երկրները կարող են արագ փոխլրացնել միմյանց՝ կանխելով հոսանքազրկումները։ Այն հնարավորություն է տալիս ռեալ ժամանակամիջոցում արտահանել էլեկտրաէներգիայի առկա ավելցուկը և ներմուծել ավելի էժան էլեկտրաէներգիա՝ նվազեցնելով պահուստային հզորությունների պահպանման համար անհրաժեշտ ծախսերը։

ՀՀ-ում արևային էներգետիկայի զարգացման միտումներն այնպիսին են, որ օրվա պիկին արևային ինքավար (շուրջ 60.000 հատ) և արդյունաբերական էներգաարտադրողները (ավելի քան 100 կայան) միասին արտադրում են շուրջ 1.400 ՄԳտ/ժամ էլեկտրաէներգիա. դա այն դեպքում, երբ օրինակ ս․թ. նոյեմբերի 10-ին՝ բավականին ցուրտ օրը, ՀՀ-ում էլեկտրաէներգիայի սպառման բեռը կազմել է գրեթե նույն այդ թիվը՝ 1.396 ՄՎտ/ժամ, ինչը զգալիորեն բարձր է վերջին տարիների՝ այս օրերի միջին օրական ցուցանիշից։

Իսկ քանի որ էներգահամակարգում ունենք նաև ՀԱԷԿ, մի քանի խոշոր ՋԷԿ-եր, մի քանի տասնյակ փոքր ու միջին ՀԷԿ-եր, ապա արևային օրվա պիկին ՀՀ-ում ունենում ենք արտադրված էլեկտրաէներգիայի ահռելի ավելցուկ, իսկ արևը մայր մտնելուց հետո վերջին շրջանում սպառման բեռի կտրուկ ավելացման պարագայում, ցուրտ օրերին արդեն որոշակի կարիք է առաջանում լրացուցիչ քանակի էլեկտրաէներգիայի ներմուծման (Վրաստանից կամ Իրանից)։

Վերականգվող էներգետիկայի զարգացման ընթացիկ տեմպերի դեպքում տեխնոլոգիական անհրաժեշտ ու պահանջված լուծում է կուտակիչ կայանների կիրառումը էներգահամակարգում, ինչի կարգավորումների ուղղությամբ այս պահին աշխատանքներ են տանում ՀԾԿՀ-ն և ՏԿԵՆ-ը, սակայն անկախ այդ ենթակառուցվածքի ներդրումային ծավալներից և իրականացման հնարավոր ժամկետներից, տարածաշրջանում էլեկտրաէներգետիկական ցանցերի ինտեգրումն այլընտրանք չունի. դա բխում է նաև մեր «Խաղաղության օրակարգի» ԹՐԻՓՓ նախագծի տրամաբանությունից։

Փաստ է, որ մեր էներգահամակարգն արդեն իսկ ինտեգրված է բարեկամ Իրանի («էլեկտրաէներգիա՝ գազի դիմաց» ծրագրով) և Վրաստանի Հանրապետության համակարգերին, որոնց թողունակության ավելացման ուղղությամբ այժմ ինտենսիվ աշխատանքներ են տարվում։

Եվ վերջում. էներգահամակարգերի միջպետական ինտեգրացիան իրականացվում է բացառապես ԲԱՐՁՐԱՎՈԼՏ էլեկտրահաղորդման գծերի և անհրաժեշտ ենթակառուցվածքների միջոցով, ինչը մեր երկրում պատկանում է պետությանը և կառավարվում է 100% պետական սեփականության «Բարձրավոլտ Էլեկտրական Ցանցեր» (ԲԷՑ) ՓԲԸ կողմից։

Հ.Գ. Մեր էներգահամակարգը հարևան մյուս երկու երկրների համակարգերին ևս ինտեգրելու նախագծերը որևէ կերպ ՀԷՑ-ի շուրջ տեղի ունեցող՝ բացառապես իրավական-հակաճգնաժամային գործընթացների հետ փոխկապակցելու փորձերը ոչ այլ ինչ են, քան պարզունակ մանիպուլյացիա և մեր ժողովրդի հույզերի հետ խաղալու անհաջող ջղաձգում»։

260