Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Վերջին օրերին մամուլում և սոցիալական ցանցերում տարածվում են որոշ պնդումներ, թե Երևանի խմելու ջրի մատակարարման ժամանակացույցը խախտվել է, և «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից ապրիլի 3-ին հրապարակված ժամանակացույցը փոխվել ու վատթարացել է։ ՀՀ ՏԿԵՆ Ջրային կոմիտեն և «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն պաշտոնապես հայտարարում են, որ այդ պնդումները չեն համապատասխանում իրականությանը։

 

Հիշեցնենք, որ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից 2025 թ. նոյեմբերին և 2026 թ. փետրվարին հրապարակվել էին ժամանակացույցեր, որոնց համաձայն 2026 թ. մայիսի 1-ից մինչև սեպտեմբերի 16-ը Երևան քաղաքի բազմաթիվ բաժանորդների ջրամատակարարումը պիտի կրճատվեր մինչև օրական 17 ժամ։

 

«Կառավարության միջամտության արդյունքում Ջրային կոմիտեն և «Վեոլիա Ջուր» ընկերությունը վերանայել և լավարկել էին հրապարակված ժամանակացույցը՝ ստանձնելով հանձնառություն՝ բազմապատկված ջանքեր գործադրել հետևյալ երկու ուղղություններով.

 

Երևան քաղաքում իրականացվող ջրամատակարարման համակարգերի և բաշխիչ ցանցերի կապիտալ հիմնանորոգման աշխատանքներ, նոր ջրաղբյուրների հայտնաբերում և նոր ջրածավալների տեղափոխում քաղաք Երևան։

 

Արդյունքում, գոհունակությամբ արձանագրում ենք, որ հուլիսի 2-ի դրությամբ Երևան քաղաքի բաժանորդները շարունակում են օգտվել ջրամատակարարման այն նույն ժամանակացույցից, որը գործում էր մինչև մայիսի 1-ը, այսինքն՝ ապրիլի 3-ին հրապարակված ժամանակացույցը դեռևս ուժի մեջ չի մտել, քանի որ «Վեոլիա Ջուր» ընկերությանը և Ջրային կոմիտեին հաջողվել է արագացված տեմպերով իրականացնել վերոնշյալ աշխատանքները։

 

Մասնավորապես, ՀՀ կառավարության և «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի միջև կնքված համաձայնագրի շրջանակում գրեթե ավարտին են հասցվել շուրջ 11 միլիարդ դրամի կապիտալ աշխատանքներ Երևանի Նուբարաշեն, Աջափնյակ, Մալաթիա-Սեբաստիա և Կենտրոն վարչական շրջաններում, ինչպես նաև մի շարք մարզերում։

 

Ի լրումն, ինտենսիվ աշխատանքներ են իրականացվել և իրականացվում երեք նոր աղբյուրներից ջրային ռեսուրսների՝ Երևան տեղափոխման ուղղությամբ։

 

Հարկ ենք համարում ընդգծել, որ վերջին երկու օրերին Երևանի Արաբկիր, Կենտրոն և Էրեբունի վարչական շրջաններում արձանագրված ջրանջատումների պատճառը ոչ թե գործող ժամանակացույցն է, այլ «Արզնի 1» ջրատարի վթարված հատվածի նորոգումը. մասնավորապես, Պտղնիի ձորում 900 մմ տրամագծով ջրատարի 90 գծամետր հատվածը փոխարինվել է 1000 մմ տրամագծով պողպատե խողովակաշարով։

 

Հայտարարված մինչև 36-ժամյա ջրանջատման տևողությունը պայմանավորված էր ոչ միայն բուն վերանորոգման աշխատանքներով, այլև ջրատարի և ջրավազանների վերալցման տեխնոլոգիական գործընթացով, որը ևս մի քանի ժամ է պահանջում։

 

Հուլիսի 2-ի դրությամբ նորոգման աշխատանքներն ավարտված են, ընթանում է ջրավազանների լիցքավորումը, և Արաբկիր, Կենտրոն ու Էրեբունի վարչական շրջաններում կանոնավոր ջրամատակարարումը կվերականգնվի հայտարարված ժամկետում։

 

Հորդորում ենք առաջնորդվել բացառապես պաշտոնական տեղեկատվությամբ և ջրամատակարարման վերաբերյալ տեղեկություններ ստանալ Ջրային կոմիտեի և «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի պաշտոնական հաղորդագրություններից»,- ասվում է հաղորդագրությունում։

139