Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ղազախստանի նոր Սահմանադրությունը, որն ուժի մեջ է մտել հուլիսի 1-ին, թույլ է տալիս մի շարք պաշտոնյաների, այդ թվում՝ նախկին Սահմանադրության համաձայն ընտրված նախագահին, կրկին առաջադրվել և ընտրվել համապատասխան պաշտոններում։

Այդ մասին ասվում է Սահմանադրական դատարանի հայտարարության մեջ, որը հրապարակվել է նախագահի դիմումի քննարկումից հետո։

«Նախագահի դիմումի քննարկման արդյունքում Սահմանադրական դատարանը տվել է պաշտոնական մեկնաբանություն, ըստ որի՝ 2026 թվականի Սահմանադրության 43-րդ հոդվածի 1-ին կետը, 72-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերը, 83-րդ հոդվածի 1-ին կետը և 84-րդ հոդվածի 3-րդ կետը պետք է մեկնաբանվեն այնպես, որ 1995 թվականի Սահմանադրության համաձայն նշված պաշտոնները զբաղեցրած անձինք կարող են ընտրվել կամ նշանակվել նույն պաշտոններում նաև 2026 թվականի Սահմանադրության ուժի մեջ մտնելուց հետո»,- ասվում է հայտարարության մեջ։

Նոր Սահմանադրության 43-րդ հոդվածի 1-ին կետը կարգավորում է նախագահի պաշտոնավարման ժամկետը։ Դրանում նշվում է, որ «նույն անձը չի կարող ընտրվել Ղազախստանի Հանրապետության նախագահ մեկից ավելի անգամ՝ համաձայն Սահմանադրության»։ Նույն ձևակերպումը ներառված էր նաև նախորդ Սահմանադրության վերջին խմբագրության մեջ։

184