Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԿԳՄՍ նախարարության կազմակերպմամբ մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև արդեն չորրորդ անգամ անցկացվող բանակային խաղերը: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

Մրցումներն անցկացվում են Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում՝ ՀՀ պաշտպանության նախարարության և «Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան» հիմնադրամի մարզաբազաներում։ Բանակային խաղերը կշարունակվեն մինչև օգոստոսի 8-ը:

Բանակային խաղերի ծրագրում ներառված են ռազմամարզական քառամարտ, ռազմականացված կրոսավազք, ռազմականացված կրոսավազքի փոխանցումավազք, ռազմամարզական կողմնորոշում, հրաձգություն «ԱԿ 103» ինքնաձիգով, հրաձգություն «ՊՄ» ատրճանակով, հրաձգություն «ԴԴ» հրացանով մարզաձևերը:

Խաղերին մասնակցում են ՀՀ պաշտպանության, Ներքին գործերի, Արդարադատության նախարարությունների, Ազգային անվտանգության և Պետական պահպանության ծառայությունների, Պետական եկամուտների, Քննչական և Հակակոռուպցիոն կոմիտեների թիմերը: Յուրաքանչյուր մասնակից իրավունք ունի հանդես գալու միայն 1 մրցաձևում: 

Վերջին 5 տարիներին հրաձգության ՀՀ առաջնությունների մասնակիցները չեն կարող մասնակցել բանակային խաղերին:

Ռազմամարզական քառամարտ, ռազմականացված կրոսավազք, ռազմամարզական կողմնորոշում, հրաձգություն «ԱԿ 103» ինքնաձիգով, հրաձգություն «ՊՄ» ատրճանակով, հրաձգություն «ԴԴ» հրացանով մրցաձևերում ընդհանուր հաշվարկով 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը գրաված մասնակիցները (տղամարդիկ և կանայք) պարգևատրվում են համապատասխան կարգի հավաստագրերով, մեդալներով և դրամական պարգևներով` 1-ին տեղ՝ 1 մլն ՀՀ դրամ, 2-րդ տեղ՝ 500 հազար ՀՀ դրամ, 3-րդ տեղ՝ 300 հազար ՀՀ դրամ, իսկ 1-ին տեղ գրաված թիմը՝ նաև գավաթով:

Ռազմականացված կրոսավազքի փոխանցումավազքի մրցանակակիր թիմի անդամները պարգևատրվում են մեդալներով, պատվոգրերով և դրամական պարգևներով. 1-ին տեղ՝ 300 հազար ՀՀ դրամ, 2-րդ տեղ՝ 200 հազար ՀՀ դրամ, 3-րդ տեղ՝ 150 հազար ՀՀ դրամ:

Ընդհանուր հաշվարկով 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը գրաված թիմերի ղեկավարները պարգևատրվում են դրամական պարգևներով. 1-ին տեղ՝ 700 հազար ՀՀ դրամ, 2-րդ տեղ՝ 500 հազար ՀՀ դրամ, 3-րդ տեղ՝ 300 հազար ՀՀ դրամ:

Իրավապահ մարմինների միջև թիմային հաշվարկի արդյունքում մրցանակային տեղեր գրաված թիմերը պարգևատրվում են համապատասխան կարգի հավաստագրերով, հուշանվերով և գավաթով:

Բանակային խաղերի նպատակն է մասսայականացնել ռազմակիրառական մարզաձևերը, բարձրացնել ֆիզիկական պատրաստվածության դերն ու նշանակությունը, ինչպես նաև ձևավորել մարզական առողջ մրցակցային մթնոլորտ և ամրապնդել համագործակցությունը խաղերին մասնակցող ուժային կառույցների միջև։

 

103