Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«ՀԷՑ»-ի ժամանակավոր կառավարման շրջանում շարունակվում են էլեկտրական ցանցերի արդիականացման, հանրությանը էլեկտրաէներգիայի մատակարարման հուսալիության բարձրացման և սպասարկման որակի բարելավման աշխատանքները, հայտնում են ՀԷՑ-ից։

Ռոմանոս Պետրոսյանն այսօր շրջայց է կատարել Տավուշի մարզում, մասնավորապես այցելել է «Աղստև» մասնաճյուղի «Դիլիջան» և «Նոյեմբերյան» էլեկտրական ցանցեր, «Աղստև» 110/35-6 ԿՎ ենթակայան, որը տարածաշրջանի էներգահամակարգի կարևորագույն հանգուցներից մեկն է, տեղում ծանոթացել է իրականացված աշխատանքներին և առաջիկա ծրագրերին, ինչպես նաև հանդիպել աշխատակիցներին։

Վերջին մեկ տարվա ժամանակավոր կառավարման ընթացքում մարզում իրականացված աշխատանքների արդյունքում՝

-փոխարինվել է 83,8 կմ մաշված և վթարավտանգ էլեկտրական հաղորդալար,

-կառուցվել են 2,8 կմ նոր բարձր և ցածր լարման մալուխային գծեր,

-տեղադրվել և փոխարինվել է 809 հենասյուն,

-փոխարինվել է 10 ուժային տրանսֆորմատոր՝ ցանցի հուսալիությունն ու թողունակությունը բարձրացնելու նպատակով,

-իրականացվել են «ՀԷՑ»-ի բաշխման ցանցին 354 նոր միացումների ապահովման աշխատանքներ,

-արդիականացվել են բազմաթիվ ենթակայանների, հաշվառման և ցանցային այլ համակարգերի մի շարք սարքավորումներ,

-35-110 կՎ ենթակայաններում առկա էլեկտրաէներգիայի հաշվիչները փոխարինվել են դարձափոխիչային էլեկտրոնային հաշվիչներով, ինչը նպաստել է համակարգում էլեկտրաէներգիայի կորուստների նվազեցմանը։

Կատարված աշխատանքների արդյունքում «ՀԷՑ» ՓԲԸ-ի «Աղստև» մասնաճյուղում էլեկտրաէներգիայի կորուստները նվազել են՝ կազմելով միջինը 7,1%։

 

Աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվել է իրականացվող ներդրումային ծրագրի ընթացքը։ 2026 թվականին Տավուշի մարզում մեկնարկել են շուրջ 178 մլն ՀՀ դրամ ընդհանուր բյուջեով ներդրումային ծրագրի աշխատանքները, որոնք ուղղված են լինելու տարածաշրջանում էլեկտրական ցանցերի արդիականացմանը և էլեկտրամատակարարման հուսալիության բարձրացմանը։ Աշխատանքները ներառում են ավելի քան 4կմ օդային գծերի և մի շարք բաշխիչ ենթակայանների վերանորոգում։

Դիլիջան քաղաքի ակտիվ զարգացմանն ու ենթակառուցվածքների ընդլայնմանը զուգահեռ նախատեսվում է էլեկտրական ցանցին միացնել մի շարք խոշոր նոր սպառողների, ինչի արդյունքում «Աղստև» 110/35-6 ԿՎ ենթակայանի ծանրաբեռնվածությունն ավելանալու է շուրջ 8 ՄՎտ հզորությամբ:

Ժամանակավոր կառավարիչն այցելել է նաև «Դիլիջան» էլեկտրացանցի նոր վարձակալված վարչական շենք, ծանոթացել աշխատանքային պայմաններին։ Նախկին ոչ բարվոք պայմաններով վարչական շենքը փոխարինվել է ավելի հարմարավետ, ժամանակակից պահանջներին համապատասխան տարածքով, որը հագեցած է ժամանակակակից տեսահսկման համակարգով և նոր գույքով, ներառում է կարգավարական ծառայությունն ապահովելու համար նախատեսված տարածքներ, ընդարձակ պահեստային հատված, ինչպես նաև բարեկարգ ու խնամված միջավայր։

Ռոմանոս Պետրոսյանն ընդգծել է, որ աշխատակիցների համար արժանապատիվ աշխատանքային պայմանների ապահովումը մշտապես գտնվում է իր ուշադրության կենտրոնում՝ նշելով, որ այդ ուղղությամբ աշխատանքները շարունակական բնույթ են կրում։ Սակայն իրականացվող ծրագրերի հասցեատերը սպառողն է․ ցանցերի արդիականացումը, վթարների կանխարգելումն ու օպերատիվ արձագանքումը միտված են քաղաքացիների համար առավել կայուն, հուսալի և անխափան էլեկտրամատակարարման ապահովմանը։ Պետության կողմից, օրենքով սահմանված կարգով, «ՀԷՑ»-ի կառավարման միջամտության և ժամանակավոր կառավարման նպատակը բնական մենաշնորհային դիրքով օժտված ընկերության կառավարման նշաձողի բարձրացումն է, որտեղ առանցքային պետք է  լինի պետական և հանրային շահերի գիտակցումը և լավագույնս զուգորդումը։

68