Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Օգոստոսի 25-ին ՆԳՆ Ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Կամո Ցուցուլյանն անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն։
Մասնակցում էին ՆԳՆ ոստիկանության չորս հենասյունային ուղղությունների և տարածքային ստորաբաժանումների ղեկավարները։
Օրակարգում նոր ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ ՆԳՆ ոստիկանության ծառայության կազմակերպումն էր։
Կամո Ցուցուլյանը հանձնարարել է սեպտեմբերի 1-ից հանրապետության ուսումնական հաստատություններում և հարակից տարածքներում իրականացնել ուժեղացված ծառայություն՝ ներգրավելով Ոստիկանության հենասյունային բոլոր ուղղությունների ծառայողներին։ Նրա խոսքով՝ չպետք է սահմանափակվել միայն դպրոցների մուտքերի մոտ հերթապահությամբ, այլև իրականացնել նաև շրջիկ ծառայություն։
Կամո Ցուցուլյանը նշել է, որ խցանումների կանխման, երթևեկության անխափան կազմակերպման և անչափահասների անվտանգ տեղաշարժի ապահովման նպատակով անհրաժեշտ է ձեռնարկել համապատասխան միջոցառումներ, ուժեղացնել հսկողությունը սպասարկվող տարածքներում։
Ընդգծվել է անչափահասների հետ տարվող աշխատանքների արդյունավետության բարձրացումը՝ ուշադրության կենտրոնում պահելով անչափահասների մասնակցությամբ կամ նրանց նկատմամբ հնարավոր իրավախախտումների կանխարգելումը։
Կամո Ցուցուլյանը նշել է, որ պետք է հետևողականորեն պահպանել ծառայողական կարգապահությունը՝ ընդգծելով Ոստիկանության ստորաբաժանման ղեկավարների անձնական պատասխանատվությունը ծառայության պատշաճ կազմակերպման գործում։
Խորհրդակցության ավարտին Կամո Ցուցուլյանը մի շարք ուղղություններով տվել է հանձնարարականներ։